«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի հյուրն է մշակութաբան Լևոն Մարգարյանը:
– Լևոն, Ձեր վերջին հրապարակումներում մեր ներքաղաքական դաշտում հնարավոր նոր զարգացումներ եք տեսնում, ինչը, ըստ Ձեզ, կհանգեցնի նոր քաղաքականության ձևավորմանը, սակայն մյուս կողմից, շատ վերլուծաբաններ քաղաքական դաշտում նորություն չեն տեսնում: Որտե՞ղ եք Դուք տեսնում նորությունը:
– Վերջին շրջանում մենք տեսանք, թե ինչ սուր հակասություններ եղան ընդդիմության դաշտում, հատկապես ՀԱԿ և Ժառանգություն հարաբերություններում, և մինչև դա էլ դժվար չէր հիշել, թե ինչքան շատ էին խոսում ՀՀԿ և ԲՀԿ-ի միջև հակասությունների մասին: Հիմնական թեզն այն էր, որ ընդդիմությունը չի կարողանում համախմբվել, միասնական հանդես գալ: 2008-ից հետո այդ թեզը շատ ուժեղ արծարծվում էր հենց ՀԱԿ կողմից, ըստ որի՝ Հայաստանում ընդդիմությունը պետք է կոսնսոլիդացնել ՀԱԿ-ի շուրջ: Հիշենք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հայտնի ծոմի հետ կապված ինչ լարումներ եղան ՀԱԿ-ի և Ժառանգության միջև: Եվ թեման դարձյալ նույնն էր՝ ինչու մի ընդդիմադիր ուժը չի միանում մյուսին: Այս անգամ Ժառանգությունը փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, ավելին՝ մի փոքր ռոմանտիկ քայլերի գնաց, այսինքն՝ փորձեց ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի միջև կամուրջ դառնալ, միաժամանակ Ժառանգությունը մինչև այդ իրեն ապահովագրեց՝ միանալով Ազատ դեմոկրատների հետ, և ստացվեց, որ ինքը փորձում է ընդդիմության համախմբող կամուրջը դառնալ, բայց էլի չստացվեց, քանի որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն անկախության առաջին տարիների հետ կապված հակասություններ ունեն, բացի այդ` սրվեցին Ժառանգություն-ՀԱԿ հարաբերություններն այն մակարդակի, որ Facebook-ում արդեն շատ դժվար էր կոռեկտ բանավեճ տեսել այդ երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև:
– Այդ դեպքում ո՞րն էր նորությունը, երբ կամուրջ, միևնույն է, չի ստացվում:
– Հենց նորությունն այն է, որ կամուրջ չկա, այսինքն՝ մոդեռն քաղաքականության այն գաղափարը, որը պետք է ստեղծել մեկ ընդհանուր ուժեղ ընդդիմություն, որը պետք է պայքարի մեկ ընդհանուր ուժեղ իշխանության դեմ, որպեսզի միանգամից հաղթի մեծ ճակատամարտում, չի գործում, որովհետև փոխվել է իրավիճակը: Երբ ես խոսում եմ Հայաստանում նոր քաղաքականության մասին, ես չեմ խոսում քաղաքական կուսակցությունների նոր գաղափարախոսությունների մասին, ես խոսում եմ նոր պոտենցիալի մասին, իսկ այդ պոտենցիալը կա` անկախ կուսակցությունների կամքից: Այսինքն՝ իրենք, իհարկե, իրավիճակի մասնակից են, իրավիճակ պայմանավորող են, բայց իրավիճակն անկախ իրենցից փոխվել է: Այսօրվա հասարակությունը ո՛չ 88-ի միատարր, ազգային գաղափարի շուրջ համախմբված հասարակությունն է, ո՛չ էլ 2008-ի երկբևեռ հասարակությունն է, հիմա թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ճամբարում շատ ուժեղ հակասություններ կան: Իհարկե, Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը, որպես կոալիցիոն երկու կարևոր ուժերի առաջնորդներ, գրեթե իրար հետ պրոբլեմ չունեն և կարողանում են պայմանավորվել, բայց ինստիտուտների մակարդակում մշտապես տեսնում ենք, որ կա հակասություն, և այդ հակասությունը կրկին իրավիճակից է գալիս. օրինակ` կառավարության առաջարկած օրինագծերից մեկի հետ կապված ԲՀԿ-ն կարողացավ պաշտպանել իր շահերը բանկային մոնոպոլիայից: ԲՀԿ-ն, որ որոշակի շահ ներկայացնող կուսակցություն է, փաստորեն փորձեց իր շահը ձևակերպել իշխանության մեջ, բայց նաև իշխանությունից դուրս: Իր շահը հաստատ տարբեր է ՀՀԿ շահից, ՀՀԿ շահը խոշոր տնտեսական մոնոպոլիաների շահն է: Հիմա նույնը տեսնում ենք ընդդիմության մեջ, եթե ընդդիմությունը փորձեր միավորվել, միավորվելու էր ինչ-որ մեկի շուրջ՝ կլիներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Վահան Հովհաննիսյանը, ըստ էության, կապ չուներ, բայց այստեղ ընդդիմությունը ձայներ էր կորցնում եթե միանային իրար, իսկ բոլորի դիֆերենցվածության միջև իրենք ընտրության հնարավորություն կունենան: Այս առումով ես կարծում եմ՝ ընդդիմության միասնական գործունեությունը, եթե իրենք նպատակ ունեին Հայաստանում քաղաքական մշակույթ փոխել, կլիներ այն, որ կոնկրետ ամենամեծ աղմուկ հանած ընտրատարածքում և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը շարունակեին իրենց թեկնածությունը, Րաֆֆի Հովհաննիսյանը չհաներ իր թեկնածությունը, որովհետև այդ դեպքում իրենք ավելի մեծ հնարավորություն կունենային Սամվել Ալեքսանյանին լարվածության մեջ պահելու: Այս դեպքում մենք, փաստորեն, հետ ենք դառնում նորից մոդեռն քաղաքականություն, որտեղ կա խիստ ընդգծված իշխանական թեկնածու և խիստ ընդգծված ընդդիմադիր թեկնածու: Այսինքն՝ մենք նորից ընտրում ենք սևի և սպիտակի միջև, և այդ բազմազանությունը սկսում է վերանալ:
– Ըստ էության՝ նորությունը բազմազանությա՞ն մեջ է լինելու: Համամասնական ցուցակներում կան նաև նոր դեմքեր, կարո՞ղ են արդյոք նորություն բերել:
– Առաջադրված հիմնական կուսակցությունները՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, Ազատ դեմոկրատներ, Ազգային ժողովում հայտնվելու պոտենցիալ հնարավորություններ ունեն: Եթե մի պահ պատկերացնենք, թե ինչ կլինի, երբ այդ վեց կուսակցությունները հայտնվեն Ազգային ժողովում, մենք ստանում ենք բազմաբևեռ խորհրդարան: Այսինքն՝ կա իշխանություն, որը Սերժ Սարգսյանի համակարգն է, բայց այդ իշխանությունում ԲՀԿ-ն ունի արդեն իր շահը, ՕԵԿ-ը չկարողացավ ձևակերպել իր շահը, կորցրեց իր հեղինակությունը, դրա համար նրա մասին խոսելը մի քիչ դժվար է, բայց կա Հայ հեղափոխական դաշնակցություն, որը չլինելով իշխանության մեջ, ուրիշ շահեր ունի արտաքին դիվանագիտության հետ կապված: Ազատ դեմոկրատներ-Ժառանգությունը թեև մի դաշինք է, բայց այնտեղ էլ կա հակասություն: Կա ՀԱԿ, որը մտադիր է ոչ թե գալ խորհրդարան օրինագծերի մշակմանը մասնակցելու, այլ գալ և անվստահության քվե հայտնել: Կա ՀՀԿ, որը այս անգամ ներկայանում է նոր, ուրիշ կազմով, և այստեղ մենք չենք ունենալու միասնական ընդդիմություն կամ միասնական իշխանություն ճակատը:
– Այս անգամ ՀՀԿ ցուցակում կան շոու–բիզնեսի, մշակույթի գործիչներ, արդյոք կկարողանա՞ն խորհրդարանի ընդհանուր գորշությունը նոր տեսակով փոխել:
– Եթե փորձենք չմասնավորեցնել ՀՀԿ-ն, մենք այդ նույնը տեսնում ենք ԲՀԿ դեպքում, երբ ԲՀԿ-ն, փորձելով նորացվել, հեռանկար էր գծում հայտնի լրագրողներին, քաղաքագետներին ներգրավել իր կուսակցության կազմում: Այդ փորձն ինչ-ինչ պատճառներով չստացվեց ԲՀԿ մոտ, բայց ՀՀԿ-ն, ըստ էության, իշխանության մեծ դիապազոն ունի, կարողացավ մի թիմ հավաքել, որտեղ փորձում է ներկայացնել հասարակության բոլոր խմբերի շահերը, այսինքն՝ փորձում է ներկայացնել և՛ օլիգարխիան, և՛ թաղային հեղինակություններին, և՛ շոու-բիզնեսը: Անդրադառնալով Շուշան Պետրոսյանին՝ նշեմ, որ ինչքան էլ մեր դիրքորոշումը նրա հանդեպ բացասական լինի, ամեն դեպքում զուտ քաղաքական առումով ՀՀԿ-ն շատ հեռանկարային քայլ արեց` մի պատճառով, որ Շուշան Պետրոսյանը լուրջ էլեկտորատ ունի հատկապես մարզերում, քանի որ ազգային երգչուհի է, միշտ պահպանողական դիրքերից է հանդես եկել, նաև դժվար չէ տեսնել մեր հասարակությունում, որ պահպանողականությունը շարունակում է մնալ դոմինանտ գիծ: Շուշան Պետրոսյանն ամբողջացնում է հայկական ժամանակակից էստրադայի մետաֆորան: Ճիշտն ասած` ես ՀՀԿ-ից ավելին էի սպասում, որովհետև Սերժ Սարգսյանի ելույթները, ոչ միայն վերջին, այլ նախորդ ելույթները, հույսեր էին ներշնչում, որ ՀՀԿ-ն ուրիշ կազմով հանդես կգա, բայց մենք տեսանք, որ այնտեղ կան Արտաշես Գեղամյան, Մանվել Գրիգորյան, Գագիկ Բեգլարյան, և ընտրության հարցում ամեն դեպքում Սերժ Սարգսյանի տեքստի ու գործի միջև մի քիչ խզվածք եղավ:
– Այսինքն՝ օլիգարխներից էլ հնարավոր չեղավ զերծ պահել, չկարողացա՞վ խոստացածն ի կատար ածել:
– Սերժ Սարգսյանը, որը իշխանության մեջ ամենաշատ որոշումներ կայացնող լիազորություններ ունի, ըստ էության, կախված է այդ մարդկանցից: Ընտրություններ են եղել, այդ մարդիկ իրեն օգնել են. պարզ տրամաբանություն է` այդ մարդիկ իր սյուներն են, որոնց վրա նա շարունակում է կանգնել, որոնք հավատարիմ են իրեն, մյուս կողմից` Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ այդ սյուներն իրեն խանգարում են, որովհետև այն կուրսը, որի մասին ինքն անընդհատ խոսում է, այդ կուրսի առաջին խոչընդոտողները հենց իր ընկերներն են, իր կուսակիցները: Դրա համար այս նոր նախընտրական տրամադրությունները՝ հանձինս վարչապետի, փորձում են տանել այնպես, որ ընտրությունները լինեն լեգիտիմ, քանի որ լեգիտիմ ընտրությունների դեպքում Սերժ Սարգսյանը կկարողանա հրաժարվել այդ մարդկանցից, ովքեր ժամանակին օգնում էին իր` ոչ լեգիտիմ ձևով նախագահ ընտրվելուն: Բայց ամեն դեպքում միանշանակ ասել, որ ՀՀԿ-ն շատ անպատրաստ է ներկայացել, չի կարելի, այն շարժվել է զուտ նախընտրական տրամադրությամբ:









































