ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը երկուշաբթի օրն առաջարկել է Սիրիայի հակամարտության կարգավորման իր ծրագիրը կյանքի կոչելու վերջնաժամկետ ընտրել ապրիլի 10-ը։ Այս մասին հաղորդում է Рейтер գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրին: Փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հանդես գալով ՄԱԿ–ի ԱԽ–ի 15 անդամների առջև՝ Անանը նաև առաջարկել է այդ վերջնաժամկետից հետո 48 ժամվա ընթացքում հակամարտող կողմերին պարտավորեցնել ամբողջովին կրակը դադարեցնել:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Անանը նաև ասել է, որ Դամասկոսն արդեն տվել է վերջնաժամկետի հետ կապված իր համաձայնությունը: France Press գործակալության աղբյուրի տվյալներով՝ մինչև ապրիլի 10-ը Սիրիայի վարչակարգը պետք է երկրի քաղաքներից դուրս բերի իր զորքերը:
Ինչպես նշում է գործակալությունը, Անանը ՄԱԿ-ի ԱԽ-ին խնդրել է քննել Սիրիա դիտորդների առաքելություն ուղարկելու հնարավորությունը:
ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի ծրագիրը նախատեսում է սիրիական կառավարության և ընդդիմության կողմից մի շարք պարտավորությունների կատարում, մասնավորապես՝ երկու կողմերի միջև զինված բռնությունների դադարեցում, տուժածներին մարդասիրական օգնության ցուցաբերում և միջսիրիական քաղաքական երկխոսության մեկնարկ:









































