Այսօր Երևանի քաղաքապետը հաստատել է 2012-2015 թթ. նոր երթուղային ցանցը, որն այսուհետ կյանքի կկոչվի, և բարեփոխումը կավարտվի նոյեմբերի վերջին:
Քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց մայրաքաղաքում նոր երթուղային ցանցը, որով զգալիորեն փոխվում է միկրոավտոբուսների և ավտոբուսների տեսակարար կշիռը: Ըստ այդմ` 2005 թ.-ին հաստատված միկրոավտոբուսների 125 երթուղու փոխարեն մնալու է 76-ը, 3220 միավոր միկրոավտոբուսների փոխարեն` 1565 միավոր, և ամեն օր 2600 միավորի փոխարեն կսպասարկեն 1824 միավորներ:
Օրական երթուղի դուրս կգան 768 ավտոբուսներ, որոնք 2005-ին նախատեսված 45 երթուղու փոխարեն կսպասարկեն ավտոբուսային 68 երթուղի, որոնց մեծ մասը գործող է, իսկ մնացածը միկրոավտոբուսային են, որոնք դարձել են ավտոբուսային:
Արդյունքում, ըստ Հ. Նավասարդյանի, նախկին ուղևորատրանսպորտի 75% միկրոավտոբուսներ, 15.5% ավտոբուսներ, 7% մետրո և 3% տրոլեյբուս հարաբերակցությունն այսուհետ կփոխվի` դառնալով 41.1% միկրոավտոբուսներ, 45.8% ավտոբուսներ, 3.6% տրոլեյբուս և 7.3% մետրո:
Նրա խոսքով՝ փոքր կենտրոնը պետք է սպասարկեն միայն ավտոբուսները: Փորձ է արվել, որ քաղաքի տարբեր միկրոշրջաններ կապվեն միմյանց հետ, որպեսզի տրանսպորտափոխությունը քիչ լինի. «Դա զրոյի հասցնել անհնար է, բայց փորձել ենք տրանսպորտափոխությունը հասցնել նվազագույնի»:
Հ. Նավասարդյանը նշեց, որ միկրոավտոբուսների գծատերերի հետ քննարկումներ եղել են, իհարկե, նրանց կողմից դժգոհություններ եղել են, սակայն «նրանք նույնպես քաջ գիտակցում են Երևանի առջև դրված հիմնախնդիրները»:









































