Մեկ ամսից ավելի ժամանակը բավարար էր, որ պաշտոնատար անձինք, այդ թվում՝ ՄԻՊ-ը հայտներ իր գնահատականը Մաշտոցի պուրակի վերաբերյալ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Մաշտոցի պուրակի ապամոնտաժման համար ձևավորված հասարակական, քաղաքագիտական գործիչների խմբի անդամ Անդրիաս Ղուկասյանը`անդրադառնալով ՄԻՊ-ի այն կոչին, որով հորդորում է սեփական ուժերով չապամոնտաժել կրպակները:
Նա նշեց, թե այն, որ իրենց ծրագրած գործողությունները կարող են իշխանության կողմից դիտարկվել որպես անօրինական, ի սկզբանե ենթադրել են, և դա հաշվի առնելով է որոշվել ապամոնտաժել կրպակները: Ըստ նրա` բոլոր հայտարարություններն ունեն իրենց նշանակությունն իրենց բովանդակությանը համապատասխան: «Տվյալ հայտարարության մեջ կարևոր եմ համարում, որ, ըստ էության, ՄԻՊ-ն առ այսօր, չնայած 50 օրից ավելի շարունակվում է այս վեճը և բողոքը Մաշտոցի պուրակում, այս գործողություններին իրավական գնահատական չտվեց: Իր հայտարարությունից հասկացա, որ դեռևս շաբաթներ են անհրաժեշտ, որպեսզի նա ի վիճակի լինի իր կարծիքը հայտնել: Մենք գտնում ենք, որ մեկ ամսից ավելի ժամանակը բավարար և ողջամիտ ժամանակ էր, որ երկրի պաշտոնատար անձինք, դատախազությունը, դատարանները, նաև ՄԻՊ-ը իրենց գնահատականը տային»,- մեկնաբանեց Ա. Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կոչ է արել զերծ մնալ Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժելուց: «Կոչ եմ անում նախաձեռնության մասնակիցներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ մասնավոր իրավաբանական անձի պատկանող տաղավարների ապամոնտաժման գործողություններից, որոնք կարող են գնահատվել որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ուղղակիորեն հակասող գործողություններ` հանգեցնելով համապատասխան իրավական հետևանքների: Նույնիսկ ապօրինի գործողություններին չի կարելի հակազդել ապօրինությամբ», – ընդգծել էր Կարեն Անդրեասյանը:









































