Տղամարդկանց թենիսի Մայամիի «Մասթերս» մրցաշարի քառորդ եզրափակիչում ֆրանսիացի Ժո-Վիլֆրիդ Ցոնգային 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթելով՝ աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը հետխաղյա մամլո ասուլիսի ժամանակ խոսել է նաև իր հաջորդ մրցակցի` Էնդի Մարեյի մասին:
«Այսօր ես ոչ այնքան լավ խաղացի: Մենք հավասար սկսեցինք հանդիպումը, սակայն երկրորդ սեթում վերցնելով հակառակորդի մատուցումը՝ սկսեցի պաշտպանողկան ոճի թենիս ցուցադրել: Կարծում եմ՝ Ցոնգան ավելի շատ էր սխալվում, այդ պատճառով էլ չէր կարողանում զգալ խաղի ռիթմը:
Ես միշտ հաճույք եմ ստանում Էնդի Մարեյի հետ խաղալուց: Նա ինձ ստիպում է ցուցադրել բոլոր ունակություններս: Ես պետք է վերականգնեմ ուժերս այդ հանդիպումը բարձր մակարդակով անցկացնելու համար», – Նադալին մեջբերել է առաջնության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Նադալը Մայամիի «Մասթերս» մրցաշարի նախորդ առաջնության փոխչեմպիոնն է. անցած տարի իսպանացին եզրափակիչում պարտվել է Նովակ Ջոկովիչին:









































