Կոալիցիայի անդամ կուսակցությունները շարունակում են ընտրակաշառք բաժանել ոչ թե փողի, այլ բարեգործությունների տեսքով: Արարատի մարզից «Ժողովուրդ»-ի ստացած տեղեկությունների համաձայն` այս օրերին ՕԵԿ-ն ակտիվորեն մուրաբաներ է բաժանում քաղաքացիներին:
«Իսկ ԲՀԿ-ն զբաղված է սելիտրա և պղնձարջասպ բաժանելով: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ «Ծառուկյան» հիմնադրամը պարարտանյութ է բաժանում, սակայն, ըստ նրա, դա ընտրակաշառք չէ:
Դեռ նախորդ տարի Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ խաղողագործները բարձրացրել են պարարտանյութի և դեղանյութի խնդիր:
«Արդեն ներկրվել է, ու պարարտանյութը կբաժանվի: Եթե տեսնեք, որ նախընտրական շրջանում է դա բաժանվում, կարող եք նախընտրական համարել»,-ասել է Գալստյանը` հավելելով, որ ճիշտ չէ մարտ ամսին գյուղացուն թողնել անօգնական և ընտրությունների պատճառով հետաձգել նման ծրագրերը»:









































