ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը գոհ է ֆուտբոլային խաղերի ժամանակ երկու ավել մրցավարների նախագծից, որոնք, դարպասների մոտ կանգնելով, օգնում են գլխավոր մրցավարին՝ տուգանային հրապարակում կատարված դրվագները ավելի լավ հասկանալու և սխալ որոշումներ չկայացնելու համար: Ինֆանտինոն հույս է հայտնել, որ այդ նախագիծը դեռ երկար տարիներ կօգտագործվի ՈւԵՖԱ-ի կողմից:
«Եթե ֆուտբոլային նորարարություններն ընդունվեն հուլիսի 2-ի համաժողովին, ապա մենք նախ՝ պետք է տեսնենք, թե ինչպես է այն աշխատում, այնուհետ այդ հարցը կդրվի ընդհանուր կոմիտեի քննարկմանը: Այժմ մենք գոհ ենք երկու ավել մրցավարների նախագծից, և եթե միջազգային կոմիտեն ընդունի այդ նորարարությունները, մեծ է հավանականությունը, որ ՈւԵՖԱ-ն օգտագործի ներկայիս նախագիծը»,- ասել է Ինֆանտինոն:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլի միջազգային կոմիտեն ֆուտբոլային նորարարությունների մասին հարցը կքննարկի հուլիսի 2-ին, սակայն դա չի նշանակում, որ ընդունելու դեպքում այն բոլոր մրցաշարերում պարտադիր կերպով պետք է կիրառվի: Ֆուտբոլային նորարարություններից ամենագլխավորը գնդակը դարպասային գիծը հատելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով այն արձանագրելն է:





































