Միջերկրական ծովի արևելյան մասում բնական գազի հայտնաբերումը կարող է հանգեցնել Եվրոպա էներգակիրների մատակարարման նոր միջանցքի ստեղծմանը և կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից և Կասպյան շրջանից մատակարարմանը։ РИА Новости-ն հաղորդում է, որ այս մասին չորեքշաբի օրը հայտարարել են Հունաստանի, Իսրայելի և Կիպրոսի էներգետիկայի նախարարները:
Իսրայելը հայտարարել է իր տնտեսական գոտում գազի մի քանի հանքավայրի հայտնաբերման մասին, որոնցից խոշորագույնը կարող է ունենալ մինչև 470 միլիարդ խորանարդ մետր գազ: Կիպրոսը ևս իր տնտեսական գոտում հայտնաբերել է հանքավայր՝ մինչև 220 միլիարդ խորանարդ մետր ծավալով: Այդ հանքերի շահագործումը կարող է լրջորեն փոխել տարածաշրջանի էներգետիկ և աշխարհաքաղաքական քարտեզը:
Հունաստանի էներգետիկայի, շրջակա միջավայրի և կլիմայական փոփոխությունների նախարար Յորգոս Պապակոնստանտինն ասել է, որ երեք երկրների համագործակցությունը կարող է ստեղծել այլընտրանք ՌԴ-ից և Կասպյան ավազանից ածխաջրածնի մատակարարմանը:
«Մենք այլևս չենք խոսում միայն ռուսական և ադրբեջանական բնական գազի մասին: Հաջորդող ամիսների ընթացքում մենք կխոսենք երրորդ միջանցքի մասին, որ հայտնաբերվել է Իսրայելում և Կիպրոսում, և հուսով եմ կհայտնաբերվեն նաև մեր երկրում»,-ասել է Պապակոնստանտինը: Նրա խոսքերով՝ հունական DEPA գազային ընկերությունն արդեն հետազոտություններ է անցկացրել Հունաստանի և Կիպրոսի միջև գազատար կառուցելու համար:
Կիպրոսի առևտրի, արդյունաբերության և տուրիզմի նախարար Նեոկլիս Սիլիկիոտիսը նշել է. «Խոսքը երեք երկրների ռազմավարական համագործակցության մասին է` ածխաջրածնի հանքի ենթակառույցների և շահագործման ստեղծման հարցում»:
Ի սկզբանե նախատեսված էր որ Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելն այսօր Աթենքում կստորագրեն եռակողմ համաձայնագիր՝ էներգետիկ համագործակցության մասին, սակայն, դա տեղի չի ունեցել: Աթենքի լուրերի գործակալության հունական էներգետիկայի նախարարության աղբյուրը հայտնում է, որ հետաձգումը կապված է Կիպրոսի վերջերս փոխված արդյունաբերության նախարարի հետ, և որ նոր նախարարը դեռ գործին լավատեղյակ չէ։









































