Հայկական ատոմային էլեկտրակայանում ներկայում աշխատանքներ են տարվում անվտանգության միջոցառումների համալիր ծրագիր մշակելու ուղղությամբ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը: Նա հայտնեց, որ ծրագիրը պետք է մինչև սեպտեմբերի 1-ը ներկայացնեն ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:
Թե ինչ միջոցառումներ են նախատեսվելու ծրագրով, Գ. Մարկոսյանը դժվարացավ պատասխանել. «Նախնական դեռ քննարկում, վիճում ենք, հաշվարկներ ենք կատարում, ճիշտ չի լինի այժմ հրապարակել»:
Հիշեցնենք, որ անցած տարի մարտին, Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո, ՀՀ կառավարության նիստում Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստան են հրավիրվում միջազգային փորձագետներ՝ պարզելու, թե ինչ ռիսկեր կան և ինչ լրացուցիչ միջոցներ պետք է ձեռք առնել հայկական ատոմակայանի անվտանգությունը բարձրացնելու համար։
1995 թվականից սկսած` Հայկական ատոմային էլեկտրակայանում անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար հատկացվել է 130 մլն դոլար: Այդ հարցում Հայաստանին օժանդակել են Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ 60 մլն դոլարով, Եվրամիությունը՝ 26 մլն դոլարով, Ռուսաստանը ՝ 7.7 մլն դոլարով: ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումների համար առաջիկա 2 տարում նախատեսվում է հատկացնել ևս 25 մլն դոլար:
Ենթադրվում է, որ անվտանգության միջոցառումների համալիր ծրագիրը թույլ կտա երկարացնել կայանի շահագործումը 2016 թվականից հետո:









































