Մակեդոնական «Ռաբոտնիչկի» ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ Արմեն Սանամյանը կրկին հավաքական է հրավիրում ակումբի 17-ամյա դարպասապահ Տիգրան Կանդիկյանին: Տաղանդավոր հայ ֆուտբոլիստը 3 հանդիպում է անցկացրել Մակեդոնիայի մինչև 17 տարեկանների հավաքականում և այժմ Հայաստանի հավաքական տեղափոխվելու համար նրան անրաժեշտ է ՖԻՖԱ-ի հատուկ թույլտվությունը, որը տրվում է մեկ անգամ: Այսինքն` եթե Տիգրանը որոշի տեղափոխվել Հայաստանի հավաքական, դա կլինի վերջնական: Առաջին անգամ չէ, որ նրան հրավիրում են Հայաստանի ընտրանի, բայց անցյալ տարի Երևանում կայացած «Միկա»-«Ռաբոտնիչկի» հանդիպումից հետո TotalFootball.am-ին տված հարցազրույցում երիտասարդ դարպասապահն ասել էր, թե ինքն արդեն կատարել է իր ընտրությունը հօգուտ Մակեդոնիայի ընտրանու. «Երկու ամիս առաջ ես հրավեր ստացա Հայաստանի երիտասարդական հավաքականից, ինչն ինձ համար մեծ պատիվ էր։ Սակայն դա անարդար կլինի Մակեդոնիայի նկատմամբ, որտեղ ես ծնվել եմ և դարձել ֆուտբոլիստ: Ես իմ որոշումը կայացրել եմ»:









































