Անգլիական եկեղեցին որոշել է դիմել Twitter-ի օգնությանը Քենթերբըրիի արքեպիսկոպոսի ընտրության հարցում: Այս մասին հաղորդում է The Daily Telegraph-ը:
Մինչ բրիտանական վարչապետին արքեպիսկոպոսի թեկնածուներին ներկայացնելը` եկեղեցու ներկայացուցիչները կդիմեն հասարակական կարծիքի օգնությանը: Նրանց կհետաքրքրի բոլոր կրոնների և եկեղեցիների ինչպես նաև աթեիստների և ագնոստիկների կարծիքը:
Անգլիական եկեղեցու ղեկավարի պաշտոնի հավանական թեկնածուներից ամենից շատ կարդում են Յորքի արքեպիսկոպոս Ջոն Սենթամուի միկրոբլոգը` ավելի քան 21 հազար մարդ:
Քենթերբըրիի արքեպիսկոպոսի պաշտոնը տվյալ պահին զբաղեցնում է Ռոուեն Ուիլյամսը, սակայն մարտի կեսերին նա հայտարարել էր, որ ցանկանում է հրաժարվել իր պաշտոնից համասեռամոլներին և կանանց քահանա ձեռնադրելու չդադարող վեճերի պատճառով:
Նրա հաջորդին նշանակելու համար հատուկ հանձնաժողովը պետք է Մեծ Բրիտանիայի վարչապետին ներկայացնի երկու թեկնածություն: Սպասվում է, որ Քենթերբըրիի նոր արքեպիսկոպոսի անունը հայտնի կդառնա մայիսի վերջին:









































