Վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում էականորեն բարձրացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև համագործակցության արդյունավետությունը: Արդյունքում 2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի` Ուկրաինա կատարած այցի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև ստորագրվել է 2012 թվականին համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ծրագիր: Ծրագրով նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցություն` մաքսային ծառայողների վերապատրաստման, տեղեկությունների փոխանակման, մաքսանենգության դեմ պայքարի, կինոլոգիական ծառայությունների փոխգործակցության ակտիվացման և մաքսային փորձի փոխանակման ուղղությամբ:
2012թ. ընթացքում այս ծրագրի իրագործման նպատակով Հայաստանում և Ուկրաինայում արդեն իսկ մի շարք երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել: Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է` քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Պետական եկամուտների կոմիտեում Գագիկ Խաչատրյանը և Իգոր Կալետնիկը ստորագրել են 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ վերջին շրջանում կոմիտեն շուրջ 30 երկրների հետ համագործակցության համաձայնագիր ունի և դրանք իրականացնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում: «Ուկրաինայի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախևառաջ մաքսային գործընթացների պարզեցման ուղղությամբ: Մենք հասել ենք այն մակարդակին, որ Ուկրաինայից ներկրվող և Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հատեն սահմանը, հնարավորինս կրճատվեն այն ուղիները, որոնք նպաստում են մաքսանենգության, հաշիվ-ապրանքագրերի փոփոխություններին, մաքսային արժեքների նվազեցմանը: Եվ այս ուղղությամբ մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել»,-ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:
Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև առաջիկայում իրականացվելիք` Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներին, ինչն իր հերթին կնպաստի երկու երկների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Ի դեպ, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին շարունակական աճ են արձանագրել, ինչին ավելի կնպաստեն մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված` երկու գերատեսչությունների ջանքերը: Այսպես, եթե 2010թ. Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 231 միլիոն 645 հազար դոլարի ապրանք, ապա 2011-ին այն կազմել է շուրջ 232 միլիոն 600 հազար դոլար: Ներմուծվել են հիմնականում շինանյութ, ծխախոտ, պարենային ապրանքներ, իսկ Հայաստանից արտահանվել են սպիրտային ըմպելիք, ձկնամթերք, պահածո: 2010-ին արտահանումը կազմել է շուրջ 12 միլիոն 270 հազար դոլար, իսկ 2011-ին` ավելի քան 11 միլիոն 120 հազար:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահի խոսքերով, Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքները շարունակել տեխնիկական հարթությունում, որպեսզի բեռնափոխադրող սուբյեկտները, մինչ բեռը տեղ հասցնելը, կարողանան փոխանցել տվյլալները. «Սա հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ռիսկերի համակարգը, կանխարգելել և բացահայտել իրավախախտումները, իսկ բարեխիղճ հարկատուն էլ կարող է արագ և հարմարավետ իրականացնել մաքսային ձևակերպումները»:
Կարևորելով տեղեկատվության փոխանակումը` ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հետագայում էլեկտրոնային եղանակով հայտարարագրերի լրացման կարգը, որը թեպետ շատ բարդ խնդիր է, սակայն, ըստ Գագիկ Խաչատրյանի, այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքեր են սկսվել:
Ընդհանուր առմամբ, համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում, 2012-ին նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կազմակերպել մաքսակետեր` տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:










































