Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի և նրա քաղաքական հակառակորդի՝ ընդդիմության միասնական թեկնածու Էնրիկե Կապրիլեսի՝ նախագահ դառնալու հնարավորությունները գործնականում հավասարվել են. ընտրություններից ավելի քան կես տարի առաջ հասարակական կարծիքի հարցումները երկու թեկնածուների մոտ բնակչության աջակցության հավասար մակարդակ են գրանցել:
La Segunda պարբերականը բերում է Consultores 21 ընկերության անցկացրած հարցման տվյալները, որոնց համաձայն Չավեսի օգտին իրենց ձայնը պատրաստ է տալ բնակչության 46, իսկ Կապրիլեսի օգտին՝ 45 տոկոսը:
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012թ. հոկտեմբերի 7-ին: Հարցումները վկայում են, որ Չավեսը որոշ չափով կորցրել է աջակցությունը, այն դեպքում, երբ Կապրիլեսի վարկանիշը զգալիորեն բարձրացել է: Տեղի դիտորդները փաստում են, որ 1999թ. իշխանության մեջ գտնվող Չավեսն առաջին անգամ բախվել է նախընտրական մրցավազքի այսպիսի զարգացման հետ:
Միրանդա նահանգի գործող նահանգապետ Էնրիկե Կապրիլեսը նախագահական ընտրություններում որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվել է այս տարվա փետրվարին: Դեռ այդ ժամանակ Չավեսը հայտարարեց, որ նրան պարտության կմատնի նոկաուտով և իր մրցակցին համեմատեց «խոզի» հետ, ով հաղթելու ոչ մի հնարավորություն չունի:
Իր հերթին Կապրիլեսը մշտապես հայտարարում է, որ իր նպատակն է շահել բոլոր վենեսուելացիների վստահությունը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից: «Մենք պետք է միավորենք Վենեսուելան: Ես կլինեմ նախագահ բոլորի համար և բոլորի շահերից, մենք ապրում ենք, որպեսզի արժանի ապագա ստեղծենք բոլորի համար՝ անկախ այն բանից՝ աջ են նրանք, թե ձախ»,- ասել էր նախագահի թեկնածուն:









































