ԱՄՆ-ում՝ Կալիֆոռնիայում, դաշնային դատախազությունը ձերբակալել է հայկական հերթական հանցախումբը, որը կրկին մեղադրվում է գրեթե աննախադեպ ծավալի հանցագործության համար, այս անգամ՝ ֆինանսական խարդախությունների ոլորտում: Պզոյի գործի աղմկոտ բացահայտումից հետո ԱՄՆ-ում սա արդեն որերորդ դեպքն է, երբ հայկական խոշոր հանցախումբ է ձերբակալվում:
Իհարկե, ԱՄՆ-ում ձերբակալվել և ձերբակալվում են բազմաթիվ այլ հանցախմբեր, որոնք ունեն այս կամ այն «ազգային պատկանելությունը»: Այդ իմաստով, անշուշտ, միամիտ կլինի համարել, որ ամերիկյան իրավապահ համակարգը ինչ-որ հատուկ նպատակով կենտրոնացել է հայազգի հանցագործների վրա: Պարզապես, մեզ համար, իհարկե, էական ու շոշափելի պետք է լինի այն հանգամանքը, որ բացահայտումների շարքում արդեն բավական երկար շղթայով տեղ ունեն նաև հայկական հանցախմբերը:
Ո՞րն է այստեղ խդիրը: Ի վերջո, բոլոր ազգերն էլ հանցագործներ ունեն, թեկուզ հենց նույն ամերիկացիները: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Բոլորն էլ ունեն հանցագործներ, սակայն բանն այն է, որ հայերը ԱՄՆ-ում աստիճանաբար հանցագործ էթնոսի համարում են ձեռք բերում: Այդ համարումն առայժմ տարածվում է, այսպես ասած, շարքային մակարդակներում, որտեղ սիրում են հետևել քրեական քրոնիկային: Բայց այդպես շարունակվելու դեպքում, այդ շարքային մակարդակը կբարձրանա ավելի վեր, և հայերն այդպիսին կընկալվեն արդեն ավելի բարձր և կարևոր հարթություններում:
Միացյալ Նահանգները համաշխարհային գերտերություն է: Իր տեսակի ու որակի մեջ թերևս միակ գերտերությունը: Նահանգները գերկարևոր դեր են խաղում համաշխարհային քաղաքականության մեջ, իսկ այդ դերն էլ, բնականաբար, ձևավորվում է Նահանգների պետական շահին համահունչ: Այդ պետական շահն էլ փաստացւի ձևավորվում է ԱՄՆ քաղաքացիների պատկերացումներին և շահերին համահունչ: Հայությունը, հայը մինչև այժմ ամերիկացիների պատկերացումներում եղել է որպես ստեղծագործ անհատների հանրույթ, որոնք մեծ հաջողությունների են հասել բիզնեսում, դիվանագիտական և քաղաքական աշխատանքում, արվեստում, գիտության բնագավառում:
Ամերիկյան մշակույթը ստեղծագործական ազատություններ գնահատող հանրային մշակույթ է: Իսկ քանի որ ԱՄՆ պետական շահն ու քաղաքականությունը ձևակերպվում է ամերիկացի քաղաքացիների պատկերացումների հիմքով, ապա հայության հանդեպ այդ շահը առավել բարենպաստ տրամադրվածություն և դիրքավորում ուներ, քանի որ ԱՄՆ քաղաքացիների պատկերացումներում հայությունը հենց ստեղծագործ էթնոս է: Եվ երբ այժմ այդ պատկերացումը հայտնվել է փոփոխման վտանգի առաջ, և հայերի վրա կախվել է հանցավոր էթնոս ընկալվելու վտանգը, դա, ինքնաբերաբար, կարող է ժամանակի ընթացքում արդեն վերածվել ԱՄՆ պետական քաղաքականության համար անընկալելի լինելու վտանգի, ինչը բացարձակապես չի բխում Հայաստանի պետական շահից:
Բանն այն է, որ Հայաստանը կանգնած է հանցագործներ արտահանող երկիր ընկալվելու լրջագույն սպառնալիքի առաջ, և սա պետք է Հայաստանում լինի պետական մակարդակով մտահոգության առարկա, նաև պետք է հայտնվի պետության ապագայով մտահոգ մարդկանց, հասարակական խմբերի և քաղաքական ուժերի ուշադրության կենտրոնում: Սա թերևս լրջագույն մարտահրավեր է, որը եթե չգիտակցվի ժամանակին և ողջ խորությամբ, կարող է չափազանց լուրջ բարդություններ առաջ բերել համաշխարհային քաղաքականությունում հայկական պետականության և ազգային շահի սպասարկման հարցում համահայկական պոտենցիալի օգտագործման տեսանկյունից:










































