ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Եթովպիայի նորանշանակ դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշել, որ Հայաստանի և Եթովպիայի ժողովուրդներին միավորում են պատմական, մշակութային կապեր, կրոնական ընդհանրություններ, որոնք լավ հիմք են հանդիսանում երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Հայաստանի արտգործնախարարը հաջողություններ մաղթել է դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ իր գործունեությամբ նա նոր լիցք կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:
Դեսպանը շնորհակալություն հայտնել է բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության ձևավորմամբ և զարգացմամբ, և վստահեցրեց, որ կանի առավելագույնը երկկողմ գործընկերության խթանման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները, իրավա-պայմանագրային դաշտի ձևավորումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը, տնտեսական փոխգործակցության և մշակութային կապերի ակտիվացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումների, Հարավային Կովկասում ընթացող գործընթացների շուրջ:








































