Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնություններում ստացած կարմիր քարտերի թվով ռեկորդ սահմանեց: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը Լա Լիգայի 29-րդ տուրում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպման ժամանակ հեռացվեց խաղադաշտից` ստանալով իր 11-րդ կարմիր քարտը:
Հանդիպման 85-րդ րոպեին Ռամոսը խաղի կանոնները խախտեց «Վիլյառեալ»-ի հարձակվող Նիլմարի նկատմամբ և ստացավ երկրորդ դեղին քարտն այդ խաղում: Սերխիոն «Ռեալ»-ի կազմում Իսպանիայի առաջնություններում անցկացրել է 221 հանդիպում:
Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: «Վիլյառեալ»-ի հետ մրցավեճում կարմիր քարտ ստացավ նաև Մեսութ Օզիլը:







































