ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում բազմաթիվ կուսակցությունները ոչ թե խանգարում են, այլ շեղում են ժողովրդի ուշադրությունը: Ըստ նրա` Հայաստանում քաղաքական դաշտը դեռևս կայացման փուլում է, և հետագայում հնարավոր է, որ մեկ-երկու կուսակցություն հզորանան ու փորձեն խնդիրներ լուծել:
Անդրադառնալով Հարավային Սուդանում կայացած հանրաքվեին` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ մեր և Սուդանի միջև տարբերությունը նրանում է, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի հետ անցկացնել հանրաքվե: Պատասխանելով լրագրողների հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պատրաստվում է ստեղծել նոր կուսակցություն` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, որ վերջինս ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, ՀՀԿ-ից չի հեռացել: Դրանից զատ, ինքը չի տեսնում Գագիկ Բեգլարյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու միտումներ: Փոխարենը` ՀՀԿ փոխնախագահը չկարողացավ պատասխանել լրագրողների այն հարցին, թե այս պահին որտեղ է գտնվում իր այժմյան կուսակից Գագիկ Բեգլարյանը:
«Առաջին լրատվականը» Ռազմիկ Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե Երևանի նախկին քաղաքապետի դեմ քրեական գործ չի՞ հարուցվելու: ՀՀԿ փոխնախագահն ասաց, որ իրենց կուսակցությունում նման տրամադրություններ չկան, և դրանք խոսակցություններ են ընդամենը: Մեր հաջորդ հարցին, թե Երևանի նախկին քաղաքապետի` ՀՀ նախագահի աշխատակազմ մտնելը և արարողակարգի վարչության աշխատակցին ծեծելը պետք է մնա անհետևա՞նք, Ռազմիկ Զոհրաբյանն արձագանքեց. «Հրաժարական տվեց»:
Լրագրողներին հետաքրքրում էր նաև այն, որ Երևանի ներկայիս քաղաքապետ Կարեն Կարապետյանի շրջապատում կան քրեական անցյալ ունեցող անձինք: Ռազմիկ Զոհրաբյանն այս մի մտահոգությունն էլ փորձեց փարատել` ասելով, որ Կարեն Կարապետյանն այդպիսի շրջապատ չունի: Թե ինչու Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի փոխարեն ՀՀԿ-ն նախապատվությունը տվեց Կարեն Կարապետյանին, պարոն Զոհրաբյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը դեռ երիտասարդ է և առաջիկայում քաղաքապետ դառնալու հնարավորություններ ունի»:









































