Ֆրանսիան իր համախոհ արևմտյան երկրների հետ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման է ներկայացրել Սիրիայի դեմ նոր բանաձևի նախագիծը: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայկակոչելով եվրոպացի դիվանագետներին, փաստաթղթում ներառվել են դրույթներ, որոնց իրականացմանն այժմ փորձում է հասնել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը: Մասնավորապես, դրանում դատապարտվում է Բաշար Ալ-Ասադի վարչակարգի կողմից կիրառվող բռնությունը:
«Ֆրանսիական կողմը զբաղվել է նոր բանաձևի նախագծի դրույթների մշակմամբ: Բացի այդ, նա բազմակողմանի օգնություն է առաջարկել Անանի առաքելության իրականացման կազմակերպմանը»,- հայտնել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մարկ Լայլ Գրանթը:
Բանաձևի նախագծում կոչ է արվում դադարեցնել կրակը, քաղաքական երկխոսություն սկսել և թույլ տալ մարդասիրական կազմակերպություններին մուտք գործել երկիր: Նախգծի հեղինակները խոր անհանգստություն են հայտնում երկրում իրավիճակի բարդացման հետ կապված:
«Փաստաթղթում երկու հստակ ուղերձ է պարունակվում Սիրիայի ղեկավարությանը: Առաջին՝ Անվտանգության խորհուրդ ամբողջությամբ սատարում է Քոֆի Անանին, և դա միանգամայն շոշափեելի աջակցություն է: Երկրորդ՝ Սիրիայի վարչակարգը լավ կանի՝ սկսի համագործակցել Անանի և Անվտանգության խորհրդի հետ, իսկ ամենգխավորն է՝ դադարեցնի այն դաժան բռնությունը, որ մենք տեսնում ենք»,- լրագրողներին ասել է ՄԱԿ-ում Գերմանիայի ներկայացուցիչ Փիթեր Ուիթթինգը:
Հիշեցնենք. ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը երկու անգամ ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել էին Սիրիայի դեմ բանաձևը՝ պատճառաբանելով, որ երկու փաստաթղթերում էլ ոչ մի հիշատակություն չկա ընդդիմության ուժերի գործողությունների վերաբերյալ:
Սիրիայում մեկ տարի շարունակվող ընդդիմության և իշխանություների միջև բախումների հետևանքով, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 8000 մարդ:









































