Թուրքական Taraf թերթին տված հարցազրույցի ժամանակ Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը հայտարարել է, որ գիրք է գրելու այս սպանությանը նախորդած և հաջորդած ժամանակահատվածի մասին: Սամասթը հավելել է, որ եթե Դինքի սպանության գործը վերստին բացվի, ապա պատրաստ է նոր տվյալներ հաղորդել տվյալ գործի շուրջ:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսի 25-ին Ստամբուլի 2-րդ անչափահասների ծանր հանցագործությունները քննող դատարանը «Հրանտ Դինքի սպանությունը ծրագրելու և իրականացնելու համար» (21 տարի և 6 ամիս) և «ապօրինի ճանապարհով զենք կրելու համար» (1 տարի և 4 ամիս) Սամասթին դատապարտել էր 22 տարի և 10 ամիս ազատազրկման։
Նախորդ տարվա հունիսի վերջին Սամասթը հայտարարել էր. «Ես ինձ վրա եմ ընդունում մեղքի միայն 21 տոկոսը, մնացած 79 տոկոսը բաժին է ընկնում այլ մարդկանց խղճին»։
Իսկ ապրիլի սկզբին Սամասթը նշել էր. «Ես ընդհանրապես պատմություն չգիտեի, չգիտեի, թե «Ակօս»-ն ինչ է, Հրանտ Դինքն ով է, հայերն ովքեր են: Ես միջնակարգ դպրոցն ավարտած մի երիտասարդ էի: Ես մեղավոր չեմ, մեղավորը Դինքին ազգի դավաճան հռչակած հրապարակումներն են: Մի՞թե ես եմ Դինքին, Փամուքին պետական դավաճան ճանաչող հաղորդումների ու հոդվածների հեղինակը»:
Մայիսի վերջին կայացած դատալսման ժամանակ էլ Սամասթը մեղադրել էր թուրքական լրատվամիջոցներին և մասնավորապես Hürriyet և Vatan թերթերին. «Հիմնական մեղավորներն այդ թերթերի ղեկավարներն են, որոնք իրենց թերթերում շարունակ հրապարակում են հայերին առնչվող «հայրենքի դավաճան», «անամոթ հայեր» և նմանատիպ այլ խորագրերով նյութեր։ Ո՞ւր են նրանք, ինչո՞ւ դատարանի առջև չեն կանգնում, ինչո՞ւ են այդպիսի նյութեր տպագրել, ումի՞ց են այդպիսի հրահանգ ստացել»։









































