Կիրակի օրը հրմշտոցից առնվազն երեք մարդ է մահացել Կահիրեի Մայր տաճարի մոտ, որտեղ գտնվում է ղպտիական ուղղափառ եկեղեցու պապ Շենուդ 3–րդի մարմինը, ով մահացել էր շաբաթ օրը։ Այս մասին հաղորդում են եգիպտական ԶԼՄ-ները:
Հրմշտոցներն առաջացել են այն բանից հետո, երբ տաճարի մոտ հավաքվել են հազարավոր հավատացյալներ, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ պատրիարքին:
Տաճարի մոտ ժամանել են շտապ օգնության մեքենաներ: Ոստիկանությունը և բանակը փորձում են կարգուկանոն հաստատել:
Պապի մարմինը դրել են պապի գահին, որպեսզի հավատացյալները կարողանան նրան հրաժեշտ տալ: Հրաժեշտի պաշտոնական արարողությունը կկայանա երեքշաբթի օրը:
Շաբաթ օրը Եգիպտոսի ղպտիական եկեղեցին պաշտոնապես հայտարարել էր, որ Շենուդ 3–րդ պապը 89 տարեկան հասակում, երկարատև հիվանդությունից հետո մահացել է: Եգիպտական ԶԼՄ-ների տվյալներով՝ պատրիարքը տառապում էր երիկամների անբավարարությամբ և թոքերում ուռուցք ուներ։
Շենուդ 3–րդը հեղինակություն էր վայելում ոչ միայն քրիստոնեական համայնքում, այլ նաև մուսուլմանների շրջանում՝ ազգային միասնության և միջկրոնական հարաբերությունների մասին իր հայացքների շնորհիվ։
Եգիպտական ղպտիները Մերձավոր Արևելքում ամենամեծ քրիստոնեական համայնքն ունեն: Տարբեր տվյալներով՝ նրանք կազմում են երկրի 85 միլիոն բնակչության 6–10 %–ը: Միայն Կահիրեում հաշվվում է 163 ղպտիական եկեղեցի:









































