Մեկ տարի առաջ «Բարսելոնա»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Էրիկ Աբիդալը լյարդի չարորակ նորագոյացության հեռացման վիրահատության է ենթարկվել: Վիրահատական միջամտությունից հետո ֆուտբոլիստը կարողացավ վերականգնվել և նույնիսկ իր թիմի կազմում մասնակցեց Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության 2011 թվականի եզրափակիչ հանդիպմանը:
Ցավոք, այսօր «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Աբիդալին լյարդի փոխպատվաստման վիրահատություն է անհրաժեշտ:
«Հաշվի առնելով հիվանդության զարգացման արագ ընթացքը` Աբիդալի վիրահատությունը կկատարվի մոտակա շաբաթների ընթացքում: Լյարդի հնարավոր փոխպատվաստման տարբերակը քննարկվում էր դեռևս մեկ տարի առաջ այն պարագայում, եթե դեղորայքային բուժումը չտար իր արդյունքները»,- կատալոնական ակումբի ներկայացուցչին մեջբերում է իսպանական մամուլը:







































