ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երեկ հրամանագիր է ստորագրել, որով ևս մեկ տարով երկարաձգվել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ժամկետը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը` հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:
Փաստաթղթում պատժամիջոցների ժամկետի երկարաձգումը բացատրվում է «Իրանի գործողություններով և քաղաքականությամբ, որոնք շարունակում են ծայրահեղ և արտակարգ մեծ վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, արտաքին քաղաքականությանը և տնտեսությանը»:
Նշվում է, որ նախագահը նամակ է ուղարկել Կոնգրես, որտեղ ներկայացրել է Իրանի վտանգավորության մասին իր դիտարկումները:
Հիշեցնենք, որ Իրանի դեմ պատժամիջոցները գործում են 1995թ.-ի մարտից: Վերջին շրջանում դրանք ուժեղացվել են` կապված Արևմուտքի կողմից Իրանի միջուկային ծրագրի զարգացումը վտանգավոր դիտարկելու հետ:









































