Մաշտոցի պուրակի կրպակների վերաբերյալ որոշման փոփոխություն տեղի չի ունեցել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանը:
«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե հնարավոր է քաղաքապետարանն արձագանքի Մաշտոցի պուրակում նստացույց անցկացնող ակտիվիստների` կրպակների ապամոնտաժման պահանջին, մամլո խոսնակը պատասխանեց, որ քաղաքապետարանը հայտարարել է` կրպակներն ընդամենը ժամանակավոր շինություններ են, տեղադրված են 1-3 տարի ժամկետով՝ կապված «Հին Երևան» ծրագրի իրականացման հետ: «Որևէ փոփոխություն քաղաքապետարանի որոշման մեջ այս պահի դրությամբ չկա»,- եզրափակեց Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մաշտոցի պուրակի ակտիվիստները սկսեցին 24-ժամյա նստացույց` քաղաքապետարանից պահանջելով Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների վերաբերյալ ապամոնտաժման որոշում կայացնել:







































