Ճանապարհից Սերժ Սարգսյանը կարող է չխոսել: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Արա Նեդոլյանը` անդրադառնալով ՀՀԿ համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթին: Նա նշեց, որ պարզապես ծիծաղելի է այն միտքը, որ Հայաստանն ունի պայծառ հայացք ուղղված ապագային:
Ըստ նրա` իշխանության ճանապարհը ինչ-որ գիտակցված ճանապարհ չէ, դա դեգրադացիա է: «Այսինքն` դա գիտակցական գործողություն չէ: Կառավարության գործունեությունը իրենից չի ներկայացնում ակտիվ և գիտակցված գործունեություն: Սա երկրի դեգրադացիա է նշանակում»,- մեկնաբանեց հրապարակախոսը` հավելելով, որ չունենալով գործունյա և լեգիտիմ իշխանություններ, չկատարելով անհրաժեշտ բարեփոխումներ, երկիրը գնում է, բնականաբար, դեգրադացիայի ճանապարհով:
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 13-րդ համագումարը, որի ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նա նշել էր, որ Հայաստանն ունի պայծառ հայացք դեպի ապագա, և իրենցից պահանջվում է շարժվել որդեգրված ճանապարհով:









































