«Նապոլի»-ի և Սլովակիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարեկ Համշիկը, ում ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական մի քանի գրանդ ակումբներ, նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Իտալական մամուլին տված հարցազրույցի ժամանակ այդ մասին հայտնել է ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը: Նոր պայմանագիրը գործում է մինչև 2016 թվականը:
«Համշիկը կիրթ անձնավորություն է: Երբ նա դեռ 20 տարեկան էր, իրեն դրսևորում էր 30-ամյա տղամարդու պես: Նա կարծես «ամուսնացել» է «Նապոլի»-ի հետ: «ՊՍԺ»-ն խոշոր գումարներ ունի, այնտեղ աշխատում է հանրահայտ մարզիչ, Փարիզը գեղեցիկ քաղաք է, սակայն Մարեկը նախընտրեց մնալ այստեղ, քանի որ Նեապոլում իրեն լավ է զգում»,- նշել է ակումբի նախագահը:









































