«Բանանց»-ի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող ակումբը երկրորդ հավաքի շրջանակներում այսօր անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը: Թիմը մրցեց Ռուսաստանի Առաջին լիգան ներկայացնող «Ենիսեյ»-ի հետ և պարտվեց 2:4 հաշվով:
Խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածով բացեց ռուսական ակումբը, որից հետո «Բանանց»-ը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը, և Դու Բալան երկու անգամ ստիպեց մրցակցին խաղը վերսկսել կենտրոնից: «Բանանց»-ի դարպասին նշանակվեց նաև 11 մետրանոց երկրորդ հարվածը, սակայն այս անգամ գերազանց խաղաց Ստեփան Ղազարյանը` մրցակցի հարվածից հետո որսալով գնդակը:
Ռաֆայել Նազարյանն սկսեց փոփոխություններ կատարել, և «Բանանց»-ի կազմում հանդիպումը շարունակեցին երիտասարդ ֆուտբոլիստները: Երկրորդ խաղակեսի վերջնամասն անցավ «Ենիսեյ»-ի առավելության պայմաններում ու խփելով ևս երեք գնդակ` ռուսական ակումբը հաղթեց 4:2 հաշվով:
«Բանանց»-ը հանդես եկավ հետևյալ կազմով` Ստեփան Ղազարյան, Հովհաննես Համբարձումյան, Արամ Շախնազարյան, Գրիշա Խաչատրյան, Գագիկ Դաղբաշյան,Նարեկ Գյոզալյան (Սարգիս Կարապետյան), Արտակ Դաշյան (Գևորգ Կարապետյան), Դավիթ Սուջյան (Բենիկ Հովհաննիսյան), Վալտեր Պողոսյան, Արարատ Պողոսյան (Արթուր Հակոբյան), Դու Բալա (Խաչատուր Ավետիսյան):
Հաջորդ հանդիպումը նախատեսված է անցկացնել մարտի 17-ին:









































