Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Մամեդյարովը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, որոնց առնչությամբ իրենց գնահատականներն են տվել համանախագահները:
Մամեդյարովը հավելել է, որ արդեն իսկ կան մի շարք նոր առաջարկներ, և նպատակահարմար է անցկացնել նոր հանդիպում. «Ռուսաստանում արդեն իսկ տեղի են ունեցել ընտրություններ, Ֆրանսիայում դրանք տեղի կունենան ապրիլին, Հայաստանում՝ մայիսին, ԱՄՆ-ում՝ նոյեմբերին:
Սակայն այդ ամենը չի նշանակում, որ պետք է սառեցնել բանակցային գործընթացը: Մենք կշարունակենք դրանք: Հավանաբար, հաջորդ ամիս նույնպես տեղի կունենա հանդիպում համանախագահների հետ, որի ժամանակ կքննարկվեն հակամարտության կարգավորման սկզբունքները:
Դժբախտաբար, մի շարք սկզբունքներ չենք կարողանում համաձայնեցնել Հայաստանի հետ: Մենք տվյալ ուղղությամբ կշարունակենք մեր աշխատանքները և ընտրություններից հետո կարող ենք հասնել առաջընթացի»:









































