Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ` Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կանխատեսել է, որ վաղն Իրանում կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնելու են չափազանց անարդար՝ կապված թեկնածուների կամավոր որակազրկման ու այլ խախտումների հետ:
HRW-ի տարածած հայտարարության մեջ նշված է. «290 խորհրդարանական մանդատների համար պայքարը տեղի կունենա այն բանից հետո, ինչ տարբեր մշուշոտ չափանիշներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ որակազրկվեցին հարյուրավոր թեկնածուներ:
Ընդդիմության առաջնորդները կա՛մ հեռացված են ընտրություններին մասնակցելուց ու անարդարացիորեն գտնվում են կալանքի տակ, կա՛մ էլ հրաժարվում են մասնակցել իրենց իսկ խոսքերով այդ ձևական ընտրություններին»:
Հիշեցնենք, որ Իրանում խորհրդարանական ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ՝ նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտից (2012 թվականի հունիս) 3 ամիս առաջ: 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրելու իրավունք ունի 48.2 միլիոնը:
Վերջիններս մարտի 2-ին 3444 թեկնածուներից պետք է ընտրեն 290 պատգամավորի: Իրականում գրանցված թեկնածուների թիվը 5395 էր, սակայն նրանց մի մասը չի համապատասխանել պատգամավորական թեկնածուին ներկայացված պահանջներին, և արդյունքում մնացել է 3444 թեկնածու:









































