2011 թ. Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները և 2012 թ. նախագահական ընտրությունները «դարձել են վարչապետ Վլադիմիր Պուտինի վարչակարգի վերջի սկիզբը»: Այս մասին ասվում է բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի կամ ինչպես ավելի հայտնի է՝ Chatham House-ի զեկույցում:
«Ռուսաստանի տնտեսությունը համակարգային փոփոխությունների կարիք ունի: Սակայն քիչ հավանական է, որ իշխանությունները ավելին կանեն քան աննշան ուղղումները: Բան այն է, որ իշխանության և սեփականության միաձուլումն այնքան խորն է, որ տնտեսական բարեփոխում անհնար է առանց քաղաքական փոփոխությունների»,- ասվում է «Նորից Պուտին. Հետևանքները Ռուսաստանի և Արևմուտքի համար» վերտառությամբ զեկույցում:
Ինչպես գրում է gazeta.ru-ն, զեկույցում ընդգծվում է, որ «Ռուսաստանի ունակությունը՝ միջազգային թատերաբեմում հանդես գալ որպես ծանրակշիռ կատեգորիա, կասկածի տեղիք է տալիս»:
«Ռուսաստանի միջազգային ակտիվության թուլացումը նկատվում է արևմտյան, հարավային և արևելյան ուղղություններում: Ամերիկան և Եվրոպան հիասթափված են, որ կոմունիզմի տապալումից հետո Ռուսաստանը այդպես էլ չդարձավ ավելի պատասխանատու միջազգային խաղացող»,- ասվում է զեկույցում:
Բացի այդ, զեկույցի հեղինակները համոզված են, որ «Արևմուտքը չպետք է պաշտպանի նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ հատուկ իրավունքներ ունենալու Մոսկվայի հավակնությունները, որը նրանց (այդ հանրապետություններին.- 1in.am) ստիպում է ապրել կախյալ վիճակում»:
Գերմանացի քաղաքագետ, Բերտոլդ Բեյցի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը, մեկնաբանելով զեկույցը, նշել է, որ «Արևմուտքում իրոք այնպիսի միտումներ կան, որ Պուտինի վերջը եկել է»: «Ես կարծում եմ, որ ամեն ինչ կապված է Հյուսիսային Աֆրիկայում «արաբական գարնան» հետ, երբ բոլորը կարծում էին, թե իսլամական պետությունները պարզապես երբեք չեն ենթարկվի ժողովրդավարական փոփոխությունների, և պարզվեց, որ այնտեղ Facebook-ի և Twitter-ի սերունդները դուրս եկան փողոց և տապալեցին վարչակարգերը: Այդ պատկերը այժմ իրականացվում է Ռուսաստանում»,- մեկնաբանել է նա:
Քաղաքագետը նշել է, որ «փորձագետների մեծ մասի համար Ռուսաստանն այժմ արաբական հեղափոխության եզրին է»: «Համարվում է, որ Պուտինն արդեն չի կարող կառավարել երկիրը ավտորիտար մեթոդներով, որ Ռուսաստանը Խորհրդային Միության տապալումից 20 տարի անց թևակոխում է ժողովրդավարության նոր փուլ»,- ասել է նա:
Այն հարցին՝ թե Ռուսաստանի թեկնածուներից ով կարող է փոխել երկրի քաղաքական դրությունը, Ռարը նշել է, որ «այդ հարցը պատասխան չունի»: «Դա մի հարց է, որին բացարձակապես պատասխան չկա: Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Պուտինի վերջը եկել է, չեն կարող ասել, թե ով է նրա փոխարեն երկիրը հանելու ճգնաժամից: Մի տրամաբանական պատասխան կա, որ տալիս են արևմտյան վերլուծաբանները. որ առաջնորդ արագ կգտնվի, ինչպես դա լինում է պատմության մեջ: Դա կլինի ավելի ժամանակակից և ժողովրդավար մարդ, քան Պուտինը»,- ասել է Ռարը:
Քաղաքագետը նաև նշել է, որ «Ռուսաստանում միջին խավը ցույցերի է դուրս գալիս ոչ տնտեսական կարգախոսերով: Նա ամեն ինչ ունի, նա գոհ է, նա կուշտ է: Ուստի նա այժմ պահանջում է քաղաքական իրավունքներ: Դա Պուտինը պետք է կանխատեսեր: Որ իր ստեղծած խավը իրեն շնորհակալություն չի հայտնի, այլ կպահանջի իր ավելի մեծ մասնակցություն իշխանության մեջ»:
«Ես հիշում եմ, որ 12 տար ի առաջ, երբ Պուտինը դարձավ Ռուսաստանի նախագահ, այն հարցին, թե ինչպես է վերաբերվում 16 տարի երկիրը կառավարած Գելմուտ Քոլի՝ իշխանությունից հեռանալուն, ասաց, որ չի հասկանում՝ ինչու են գերմանացիները հրաժարվել այդպիսի ծանրքաշայինից, որը գործնականում միավորել է Գերմանիան: Բայց նա նաև հասկանում է, որ մարդիկ 16 տարի շարունակ չեն կարող տեսնել միևնույն դեմքը…»,- հիշեցրել է Ռարը:









































