Եվրոգոտու առաջնորդների համաժողովը հետաձգվել է Գերմանիայի` ԵՄ-ի մյուս երկրների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Համաժողովը, որը պետք է տեղի ունենար մարտի 2-ին ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո, չեղյալ է հայտարարվել: Պատճառը ԳԴՀ-ի իշխանությունների ու եվրոգոտու մյուս երկրների միջև տարաձայնությունն է: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:
«Եվրոգոտու համաժողովը չեղյալ է հայտարարվել»,- AFP գործակալությանը հաղորդել են կառավարական շրջանակներում նրա աղբյուրները:
Հարցերից մեկը, որը պետք է քննարկվեր համաժողովում, Ֆինանսական եվրոպական կայունության մեխանիզմի՝ ESM հիմնադրամի ավելացումն էր: G20-ի հանդիպման նախօրեին որոշ եվրոպական քաղաքագետներ հայտարարել են, թե ESM-ն կարող է մեծացվել մինչև 750 մլրդ եվրոյով (գրեթե 1 տրլն դոլար).
ESM-ի ծավալների ավելացմանը դեմ է Գերմանիան: Երկրի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի խոսքով` դա կարող է խնդրահարույց լինել այնպիսի երկրների ռեֆորմների շարունակականության համար, ինչպիսիք են Իսպանիան և Իտալիան:









































