Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին շաբաթներին Ադրբեջանում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 40-ի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի իսլամական կուսակցությունը (ԱԻԿ):
ԱԻԿ-ի փոխնախագահ Ակիֆ Հեյդարլին հայտարարել է, որ ձերբակալված անձինք մեղադրվում են պետական դավաճանության, ապօրինի ճանապարհով թմրանյութ և զենք պահելու մեջ: ԱԻԿ-ն այդ մեղադրանքները համարում է անհիմն՝ ընդգծելով, որ ձերբակալվածների փաստաբանական պաշտպանությունը թույլ է, իսկ մի շարք մեղադրյալներ իրենք հետաքրքրություն չեն ցուցաբերում դրա նկատմամբ:
Հեյդարլին հայտարարել է, որ իրենց մոտ տպավորություն է ստեղծվել, թե այդ ձերբակալությունները կրում են ցուցադրական բնույթ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իսլամիստները խոստացել էին գահընկեց անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընդգծելով, որ նրա հանցավոր, հակաիսլամական գործունեությունը ներառված է պաշտոնական Բաքվի աշխատանքային օրակարգում։










































