Բրիտանական BP կորպորացիան, որը Մեքսիկական ծոց նավթ լցվելու կապակցությամբ հարուցված դատական գործում հանդես էր գալիս որպես պատասխանող կողմ, բանակցություններ է վարում իր դեմ դատական հայցով հանդես եկող կողմի հետ` ցանկանալով հարցը լուծել ոչ դատական կարգով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
Այսօր նախատեսված դատավարությունը հետաձգվել է մինչ բանակցությունների ավարտը:
Ինչպես այսօր առավոտյան հայտնել են Bloomberg-ին, BP-ն ու հայցվոր կողմը, որը կորպորացիայից պահանջում է փոխհատուցել այն վնասը, որը հասցվել էր բնությանը 2010թ. Մեքսիական ծոց նավթ թափվելու հետևանքով, ակտիվորեն բանակցում են:
Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, նկատում է, որ ընկերությունը պատրաստ է փակել իր կողմից ստեղծված հիմնադրամը, որը բացվել է 2010 թ. օգոստոսին (որից տրամադրում էր փոխհատուցումները) և այնտեղ եղած 14 մլրդ դոլարը տրամադրել հայցվորներին: Սկզբում հիմնադրամի փոխհատուցման գումարը 20 մլրդ դոլար էր:
Հիշեցնենք, որ Deepwater Horizon նավթային պլատֆորմում հրդեհը հանգեցրեց ԱՄՆ պատմության մեջ ամենամասշտաբային էկոլոգիական աղետին: Այդ ժամանակ Մեքսիական ծոց լցվեց 4.9 մլն բարել նավթ, մահացավ 11 մարդ:
Աղետի հետևանքով մի քանի տասնյակ դատական հայցեր ներկայացվեցին BP-ի ու մյուս ընկերությունների դեմ, այդ թվում` ամերիկյան Anadarko Petroleum-ի, որը նավթահանքի սեփականատերն էր, շվեյցարական Transocean-ի (նրան էր պատկանում պլատֆորմը, որը BP-ն վարձակալել էր) և ամերիկյան Halliburton-ի դեմ, որն աշխատանքներ էր իրականացնում Մակոնդո հորատանցքում:
Այն մասին, որ BP-ն ու հայցվորները բանակցում են, հայտնի դարձավ միայն կիրակի, երբ BP-ի դեմ դատական հաջորդ նիստի լսումները, որոնք տեղի էին ունենում Նոր Օռլեանում, տեղափոխվեցին մարտի 5-ին։









































