Եվրոպայի Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Այաքս»-ը «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում 1:2 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
Ամստերդամյան ակումբի կազմում հրաշալի հանդիպում անցկացրեց Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Արազ Օզբիլիսը: Արդեն 6-րդ րոպեին Մեքսիկայի ընտրանու հարձակվող Խավիեր Էրնանդեսը բացեց խաղի հաշիվը: Թվում էր` Ալեքս Ֆերգյուսոնի սաները կմեծացնեն իրենց առավելությունը, սակայն 37-րդ րոպեին Արազ Օզբիլիսը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից կատարած դիպուկ հարվածով գրավեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը:
Խաղի հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Օզբիլիսը դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ, որից հետո բելգիացի պաշտպան Թոբի Ալդերուայրելդը այդ խաղում խփեց իր թիմի երկրորդ գոլը: Ֆրանկ դե Բուրի սաներին ավելին անել չհաջողվեց, և, չնայած տարած գերազանց հաղթանակին, «Այաքս»-ը դուրս մնաց հետագա պայքարից:
Օզբիլիսը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:









































