Հայ ազգային կոնգրեսում շարունակում են քննարկել համամասնական ցուցակի ձևավորման հարցը: Մինչև այսօր այն գրեթե ավարտուն տեսք էր ստացել, բայց, ինչպես փոխանցում են Կոնգրեսին մոտ կանգնած aravot.am-ի աղբյուրները, այդ ցուցակը, թերևս, վերստին խմբագրելու անհրաժեշտություն կառաջանա, որովհետև մասնավորապես «Հանրապետություն» կուսակցությունը, իր տարածած հայտարարության համաձայն, հրաժարվել է, բացի իր առաջնորդ Արամ Սարգսյանից, որևէ այլ թեկնածուով ներկայացված լինել:
«Մեր տեղեկություններով՝ ՀԱԿ-ի համամասնական ցուցակը ձևավորվել է հետևյալ սկզբունքով՝ երեք կուսակցությունների առաջնորդներ, երկու անհատ (անկուսակցական) գործիչներ, մանր-մունր կուսակցությունների ղեկավարներ, որոնց հաջորդում են անհատ քաղաքական գործիչներ, կուսակցականներ, և այսպես՝ հաջորդաբար: Ինչ վերաբերում է կոնկրետ թեկնածուներին, ապա Կոնգրեսի համամասնական ցուցակը գլխավորում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրան հաջորդող 3 տեղերում համապատասխանաբար հայտնվել են ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նրանց, ըստ տրամաբանության, պիտի հաջորդեին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ու ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ահա այստեղ ՀԱԿ-ի ցուցակում շփոթ է առաջացել. քանի որ նոր ԸՕ-ն պարտադրում է, որ քաղաքական ուժերի համամասնական ցուցակում յուրաքանչյուր վեցերորդ թեկնածուն անպայմանորեն կին լինի, ուստի՝ Զուրաբյանի և Փաշինյանի թեկնածությունների հաջորդականությունը խախտվել է: Ցուցակի 6-րդ տեղի համար, ըստ մեր տեղեկությունների, հավակնել են երկու կանայք՝ Մանուշակ Պետրոսյանն ու ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
Մեր տեղեկություններով՝ այս երկընտրանքը լուծվել է հօգուտ Լյուդմիլա Սարգսյանի: Մեր տեղեկություններով՝ ցուցակում նրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանը, թեև ասում են՝ Զուրաբյանի և Փաշինյանի հաջորդականության շուրջ դեռ վերջնական որոշում չկա: Փոխարենը հայտնի է, որ ՀԱԿ-ական կանանցից համամասնական ցուցակում է լինելու նաև Տեր-Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար Ավետիս Ավագյանի զոքանչը՝ հասարակական գործիչ Նատալյա Մարտիրոսյանը:
ՀԱԿ-ի համամասնական ցուցակում, ենթադրաբար, «անցողիկ» տեղում, ի թիվս մանր-մունր համարվող կուսակցությունների առաջնորդների, տեղ են գտել նաև ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի և նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի անունները: Փոխարենը ցուցակում ի սկզբանե, դեռ մինչև «Հանրապետություն» կուսակցության հայտարարությունը, չեն եղել կամ՝ «անցողիկ» տեղերում չեն եղել 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանի նախընտրական առանձին շտաբների՝ այն ժամանակ ահռելի աշխատանք կատարած պետեր, այդ թվում՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Սիմոնյանը, Թալինի շտաբի պետ Ժորա Սափեյանը:
Ի դեպ, վերջինս ու նաև նրա եղբայրը՝ նախկին քաղբանտարկյալ Մկրտիչ Սափեյանը, ՀԱԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների ասելով, կտրականապես հրաժարվել են նաև մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու առաջարկից»- ապա aravot.am-ը հավելում է.
«Ընդհանրապես «Հանրապետություն» կուսակցությունից համամասնական ցուցակում նախապես ընդամենը մի քանի հոգի են ներկայացված եղել. 17-րդ տեղում՝ Սմբատ Այվազյանը, 30-ում՝ Աշոտ Զաքարյանը, 51-ում՝ Սուրեն Աբրահամյանը: Դե, վերջիններս արդեն իրենց կուսակցության որոշմամբ այլևս ո՛չ համամասնական ցուցակում կլինեն, ո՛չ մեծամասնականով կառաջադրվեն: ՀԱԿ-ի կողմից մեծամասնականով առաջադրվելուց կտրականապես հրաժարվել է նաև նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանը («Լեդի Հակոբը»):
Մեր տեղեկություններով՝ Մասիսում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է ՀՀՇ-ական Գևորգ Գևորգյանը, թեև նախապես ենթադրվում էր, որ այս ընտրատարածքում առաջադրվելու է «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Հուսիկ Բաղդասարյանը, իսկ ահա Սիսիանում կառաջադրվի ՀՀՇ-ական Քոչար Դավթյանը, Արագածոտնի երկու ընտրատարածքներից մեկում, որը ներառում է Ապարանը՝ Մյասնիկ Մալխասյանը»:









































