Նախօրեին տեղեկացրել էինք, որ թիվ 37 ընտրատարածքում (Սիսիան, Գորիս, տարածաշրջանի գյուղեր), որտեղից պատգամավոր է ընտրված Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն է առաջադրելու նաև ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար, անկուսակցական, ծնունդով սյունեցի Թաթուլ Հակոբյանը…Նա այժմ աշխատում է Դանիայում՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում և մեզ հետ զրույցում հաստատեց, որ թեկնածու է առաջադրվելու այդ ընտրատարածքում…
Հայտնել էինք նաև, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի փոխանցմամբ, Հանրապետական կուսակցությունը թիվ 37 ընտրատարածքում մեծամասնականով առաջադրելու է 28-ամյա ՀՀԿ-ական, գիտությունների թեկնածու Հայկ Գևորգյանին… «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ինքն ուշիուշով հետևում է հայաստանյան իրադարձություններին՝ մասնավորապես համամասնական-մեծամասնական քննարկումներին և ասաց, որ կողմնակից է 100 տոկոսանոց համամասնականին…
Հետաքրքրվեցինք, թե ում է համարում իրեն մրցակից այս ընտրապայքարում, չի՞ կարծում, որ այս անգամ էլ մարզպետի թեկնածուն կանցնի…
«Ես ինքնառաջադրվելու եմ որոշակի հասարակական օժանդակության պարագայում, բայց ինչո՞ւ եք կարծում որ իշխանական ուժերը չեն սատարելու… Որևէ հակադրություն չեմ ունեցել և չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, համագործակցել եմ բոլորի հետ… Կարծում եմ, որ իմ առաջադրվելու պարագայում կլինեն կուսակցություններ և անհատներ, այլ շատերը կցանկանան պաշտպանել իմ թեկնածությունը»,- պատասխանեց նա… Հարցին, թե ինքն այդ դեպքում ո՞ր կուսակցությանը նախապատվություն կտա, անկուսակցական Թաթուլ Հակոբյանն ասաց. «Ես որևէ կուսակցության քարոզչությամբ չեմ զբաղվելու, մեծամասնական ընտրակարգի համաձայն կազմակերպելու եմ հանդիպումներ ընտրողների հետ, բայց կհամագործակցեմ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք կպաշտպանեն իմ թեկնածությունը և երկրորդ՝ նրանց ծրագրերը համահունչ կլինեն իմ մղումներին, նպատակներին»…
Առողջապահության նախկին փոխնախարարը ընդգծեց, որ Սյունիքի մարզպետը միշտ էլ հարգանքով է վերաբերվել իրեն. «Չգիտեմ, թե նա ինչ վերաբերմունք կդրսևորի, երբ որ ես առաջադրվեմ, ինքը պետք է հստակ իր վերաբերմունքն արտահայտի՝ անկախ նրանից, թե ով կլինի Հանրապետական կուսակցության թեկնածուն… Մենք հո չենք գնում պատերազմի կամ հակադրության, սա պետք է լինի գաղափարների, չափանիշների մրցակցություն»…
Մեր զրուցակիցը չցանկացավ գնահատական տալ ո՛չ գործող, ո՛չ նախորդ պատգամավորներնի գործունեությանը, բայց նշեց. «Ընտրողները ցանկանում են տեսնել փոփոխություն և առաջին հերթին փոփոխություն՝ իրենց հանդեպ վերաբերմունքի առումով… Նրանք ուզում են իրենց ձայնը լսելի լինի, ընտրության իրավունքը պահպանվի և հնարավորություն ունենան ազատ և արդար ընտրություն կատարել… Միայն մի բան կարող եմ ասել՝ պատգամավորը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին են այսօրվա պատգամավորների 70 տոկոսըե…
Մեր զրուցակիցը հավելեց նաև, որ ընտրվելու դեպքում որոշակի քաղաքական ուղղվածություն ընտրելու խնդիր կառաջանա… «Կհամագործակցեմ բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ինչպես գործադիր իշխանությունում համագործակցել եմ բոլոր կուսակցությունների հետ… Վստահ եմ, որ նրանք պաշտպանելու են իմ թեկնածությունը»,- վստահեցրեց նա…
Մեր հարցին, թե եթե մարզպետը սատարի իրեն առաջիկա ընտրություններում, կընդունի՞, պատասխանեց, որ ինքը դեմ չի լինի և ևս մեկ անգամ շեշտեց, որ ցանկացած քաղաքական կուսակցության աջակցությունը կընդունի և նշեց. «Հանրապետական կուսակցությունն ունի որոշակի լծակներ ոչ միայն Սյունիքի մարզում, ունի հսկայական միջոցներ, վարչական ռեսուրսներ և այլն»…
Հետաքրքրվեցինք, թե քարոզարշավ իրականացնելու համար ինքն ունի՞ բավարար միջոցներ, թե՞ հույսն այն կուսակցությունն է, որն իրեն սատարելու է… «Որևէ կուսակցության վրա չեմ հենվում… Օրենքից դուրս որևէ քայլ չեմ անելու, չեմ կարծում, որ ազատ, արդար ընտրության համար մեծ միջոցներ են պետք… Ունեմ բավարար միջոցներ, որպեսզի ապահովեմ տեղափոխությունների, հրատարակման ծախսերը և այլն»…
Իսկ թե ինչի է ինքը պատրաստ անել տարածաշրջանի զարգացման համար որպես պատգամավոր, ասաց. «Ես ինձ ավելի շատ տեսնում եմ համակարգային խնդիրների լուծման մեջ՝ նաև ուշադրություն դարձնելով առանձնահատուկ խնդիրներին… Սյունիքի մարզում առանձնահատուկ խնդիրներից մեկը բնապահպանականն է, դրանց վրա պետք է լուրջ ուշադրություն դարձնեն նաև պատգամավորները, քաղաքական ուժերը պետք է իրենց ակտիվ մասնակցությունն ունենան բնության պահպանության գործում… Պետք է գնան այնպիսի օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կկարողանան ապահովել կայուն զարգացում… Չի կարելի այսօրվա նյութապաշտության մթնոլորտում զարկ տալ այնպիսի հանքարդյունաբերության, որը կվտանգի մեր ընդհանուր գոյությունը, այսինքն կստեղծի լուրջ բնապահպանական խնդիր»…
Հետաքրքրվեցինք նաև, թե եթե գա Հայաստան և չընտրվի պատգամավոր, կմնա՞ և կաշխատի՞ հայրենիքում, այն պարագայում, երբ արտերկրում ապահովված է նման աշխատանքով… «Չեմ ուզում այժմ սցենարներ քննարկել, դեռ պետք է առաջադրվել, մասնակցել ընտրություններին՝ հաղթելու հույսով, ակնկալիքով և մեծ մղումով»,- եզրափակեց նա…









































