Քենիայում անհանգստացած են տղամարդկանց կարգավիճակով և ընտանիքում կնոջ կողմից տղամարդկանց վրա բռնության սաստկացման դեպքերով:
Քենիայի «Առաջադիմություն տղամարդկանց համար» հասարակական կազմակերպությունը, որը պաշտպանում է աֆրիկյան այդ երկրում տղամարդկանց իրավունքները, կոչ է անում վեցօրյա հացադուլ կազմակերպել:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության տվյալներով՝ միայն անցյալ տարի Կենտրոնական և Նայրոբի մարզերում կանանց կողմից բռնության է ենթարկվել մինչև կես միլիոն տղամարդ: Ակտիվիստները կոչ են անում տղամարդանց մեկ շաբաթվա ընթացքում հրաժարավել տնային կերակուրից:
Կազմակերպությունը կարծում է, որ երկրի կառավարությունն այդ խնդիրը լուրջ չի ընդունում, իսկ հացադուլը հնարավորություն կտա ուշադրություն հրավիրել հարցի վրա:
Ակտիվիստների համոզմամբ՝ կանայք ոչ միայն բռունցքներով են հարձակվում տղամարդկանց վրա, այլև նրանց ճնշում են հոգեբանորեն:
Կազմակերպությունը նշում է, որ վերջին տարիներին հասարակության բարօրության զարգացմանը զուգընթաց կանայք Քենիայում ավելի անկախ են դարձել տնտեսական առումով, ուստի տղամարդկանց հոգատարության կարիքն այլևս չեն զգում:
Նշենք, որ քենիական ավանդույթի համաձայն՝ տղամարդը միշտ պետք է տանն ընթրի. դրանով արտահայտվում է տղամարդու կապվածությունն ընտանեկան օջախին: Ուստի տղամարդկանց իրավունքների պաշտպանները համոզված են, որ բողոքը տեղ կհասնի:









































