Վաղը կառավարության նիստում կհաստատվի Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության 2012-2014 թվականների ռազմավարությունը: Փաստաթղթի նպատակն է նկարագրել հարկային մարմնի առաջիկա բարեփոխումների հիմնական ուղղությունները: Այն հարկային վարչարարության 2008-2011 թթ. ռազմավարության ծրագրին հաջորդող ռազմավարությունն է, որում սահմանվել են հարկային մարմնի առաքելությունը, երկարաժամկետ հատվածում հարկային վարչարարության զարգացման հեռանկարը` տեսլականը, իր առաքելությանը հասնելուն ուղղված թվով 4 ռազմավարական նպատակները, յուրաքանչյուր նպատակին հասնելուն ուղղված, իրագործման ենթակա ենթանպատակները:
Ռազմավարությամբ սահմանվում են 3 արժեքներ` օրինականություն (պարտավորվում են առաջնորդվել բացառապես գործող օրենսդրական նորմերով` խստագույնս պահպանելով հարկային ծառայողի էթիկայի կանոնները), օբյեկտիվություն (պարտավորվում են լինել անաչառ, արդար, վստահելի կառույց հարկ վճարողների համար` որդեգրելով օրենսդրության համահավասար կիրառման սկզբունքը բոլոր հարկ վճարողների համար) և թափանցիկություն (պարտավորվում են ապահովել հարկ վճարողներին ժամանակին իրազեկումը):









































