Փետրվարի 19-ին Արցախի թեմի գործող եկեղեցիները համալրվել են ևս մեկով. թեմակալ առաջնորդ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռամբ օծվել է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին նորակառույց եկեղեցին:
Ինչպես «Առաջին լրատվական»-ը տեղեկանում է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմից, նախկինում մի քանի եկեղեցի ունեցած Վաղուհաս գյուղը, խորհրդային շրջանից սկսած, տասնամյակներով զրկված էր սեփական աղոթատուն ունենալուց:
Նոր եկեղեցին սկսվել է կառուցվել 2007 թվականից` բարերարությամբ ծնունդով վաղուհասցի, ռուսաստանաբնակ գործարար Գրիգորի Հայրապետյանի: Եկեղեցու բացումը յուրօրինակ նվեր էր հայրենի գյուղին` Վաղուհասի ազատագրման 19-րդ տարեդարձի առիթով:
Արցախի թեմի առաջնորդը, թեմի հոգևորականաց դասի հետ, նախ սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցին, այնուհետև մատուցել է անդրանիկ Սուրբ պատարագը: Պարգև Սրբազանը շնորհավորել է վաղուհասցիներին և հորդորել մշտապես վերանորոգել իրենց քրիստոնեական հավատքի ուխտը նորակառույց աղոթքի տանը:
Արցախի թեմի առաջնորդը եկեղեցու բարերարին խորհրդանշական հուշանվեր և երախտագիր է հանձնել, որում մասնավորապես ասվում է. «Հարգարժան պարոն Գրիգորի Հայրապետյան, հարազատ զավակ Հայ առաքելական եկեղեցու, հայտնում ենք Ձեզ մեր խորին երախտագիտությունը և հայրական գոհունակությունը, որ Դուք Ձեր ջանքերով օժտեցիք հարազատ Վաղուհաս գյուղը նորակառույց Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիով` խնամք տանելով համագյուղացիների հոգևոր կարիքների համար: Եվ այն օծման հասցրեցիք գյուղի ազատագրման 19-րդ տարեդարձին: Մաղթում ենք Ձեզ և Ձեր հարազատներին քաջակորով առողջություն, իսկ Ձեզ` մեծ կարողություն` շարունակելու Ձեր ազգանվեր ու աստվածահաճո առաքելությունը»:
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արցախի իշխանությունների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, ուխտավորներ Արցախից, ՀՀ-ից ու ՌԴ-ից:
Հոգևոր արարողության ավարտին տեղի է ունեցել մատաղի բաշխում և ժողովրդական տոնախմբություն:








































