Հայկական օջախներում Մեծ Պահքի օրերն անցել են ինչպես տոն: Հատկապես առանձնակի ուշադրություն էին դարձնում Ավագ շաբաթվա բոլոր օրերին: Դրանք անվանակոչված էին` երկուշաբթին կոչվում էր բակլայ խորան, երեքշաբթին` խորանի խորան, չորեքշաբթին` մկան կիրակի, հինգշաբթին` կատաղած շան, ուրբաթը` չարչարոց` չար աչքից զերծ մնալու համար, շաբաթը` թալալոսի, որը երեխաների շրջանում հանդիպող հիվանդություն էր:
Առաջին օրը տանտիրուհիները աղանձ էին պատրաստում, ընդհանրապես աղանձ շատ էին ուտում, հավատալով, որ երկարատև պահքի պատճառով «բերաններն այսուհետ չեն հոտի և շրթունքները չեն ճաքի»:
Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի խոսքերով` Մեծ պասի սկիզբը խորհրդանշող երկուշաբթին շատ տեղերում հայտնի էր «լուացարուք-սրբեցարուք» անունով. «Տանտիկինը քարը դնում էր երդիկին և մի քար վերցնելով` տանը գտնվողներին երդիկից հարցնում էր` «ինչ աղամ», ներսից պատասխանում էին՝ «մուկն աղա, կարիճ աղա, օձ աղա, մորեխ աղա…»: Այդ ամենից հետո ձեռքի քարերը քսում էր իրար` իբր աղում է:
Ավագ շաբաթը ապաշխարության օր համարելով` ծանր գործերով չէին զբաղվում, կանայք ճախարակ չէին մանում, կար չէին անում: Ազգագրագետը նշեց նաև, որ տարբեր շրջաններում տարբեր կերպ էին անցկացնում այդ օրերը.
Հարքում կանայք առաստաղի վրա նախշում էին աստղերի ու կենդանիների պատկերներ:
Լոռիում արգելվում էր տան օջախը հանգցնել, մեղք էր համարվում:
Ղազախում Մեծ Պասի առաջին օրը կոչվում էր «կրակի կիրակի»: Ով չնշեր այն, «նրա շորերը կայրվեին»:









































