Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունները հանգեցրել են համաշխարհային շուկայում նավթի գների տեսանելի աճի. բրենտ տեսակի նավթի գինն արդեն հասել է 1 բարելը 121 դոլարի: 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին կես տարում սա ամենաբարձր գինն է: 2009 թ. ճգնաժամից հետո նավթի գինն անկում էր ապրել, իսկ 2011 թ. ապրիլին նավթը թանկացել էր մինչև 124 դոլար/բարել, ինչից հետո մայիսից մինչև տարեվերջ սև ոսկու գինը նվազեց ու գտնվում էր 110 դոլար/բարել գնից ցածր: Այս տարվա սկզբից նավթը կրկին սկսեց թանկանալ:
Իրանական նավթից հրաժարվելու մասին եվրոպական երկրների հայտարարությունից հետո, Իրանը հակաքայլ արեց և հայտարարեց, որ դադարեցնում է մատակարարումները:
«Դժվար է կանխատեսել, թե ինչ մակարդակի կհասնի նավթի գինը, քանի որ այդտեղ սպեկուլյատիվ գործոններն են որոշիչ լինելու, ոչ թե տնտեսական»,- ասաց Բ. Ասատրյանը:
Ըստ նրա` արաբական աշխարհում առկա համեմատական կայունությունը և նավթի արտադրության ծավալների ավելացումը կզսպեն նավթի գների թռիչքը, բայց մյուս կողմից Իրանը շուկայում լուրջ դերակատարություն ունի, և աշխարհը հնարավոր է տեսնի «անհեթեթ բարձրացումներ», նույնիսկ մի քանի անգամ: Տնտեսագետի խոսքով, Եվրոպան իրանական նավթին այլընտրանք շատ ունի, և ժամանակի ընթացքում խնդիրը կկարգավորվի: «Մյուս երկրները, երբ գինը բարձրանում է, շահագրգիռ են արտահանման ծավալները մեծացնել: Նաև Ռուսաստանի գործոնն այստեղ կա»,- նշեց Բ. Ասատրյանը`պարզաբանելով, որ ՌԴ-ն կարող է որոշ ժամանակ թողնել, որ գները բարձրանան, բայց հետո վիճակը կշտկվի:
Բ. Ասատրյանի գնահատմամբ`ընդհանրապես այս գինը բարձր է և, եթե անսպասելի իրավիճակներ չլինեն, պետք է սպասել, որ գները շուտով կսկսեն նվազել:
Այս իրավիճակում, ըստ Բ.Ասատրյանի, Հայաստանում վտանգ կա բենզինի գների բարձրացման: Շրջանառվող կարծիքին, որ միջազգային նման իրավիճակում իրանական կողմը շահագրգիռ կլինի ՀՀ հետ համատեղ ծրագրերի`նավթատար խողովակաշար, նավթամթերքի պահեստարան և ՀՀ-Իրան երկաթգծի կառուցման իրագործումն արագացնել, տնտեսագետը չհամաձայնեց. «Չեմ կարծում, որովհետև այդ ամեն ինչը կոշտ վերահսկողության տակ է: Հնարավոր է կապիտալի որոշ հոսք լինի, քանի որ այնտեղ վտանգված է, բայց խոշոր ծրագրերը հաստատ իրականություն չեն դառնա: ՀՀ-ն էլ միջազգային հանրության անդամ է, և աշխարհը թույլ չի տա, որ այդպես լինի»:
ՀՀ-ում գործող իրանական «Մելլաթ բանկի» գործունեության վերաբերյալ Բ. Ասատրյանը նշեց, որ ՀՀ օրենսդրությունը մի քիչ այլ է. «Մելլաթ բանկը» արտասահմանյան է, բայց ՀՀ-ում համապատասխան ձևով գրանցվել է և գործում է ըստ օրենսդրության: «Հայաստանում խնդիր չի լինի: Հիմնական խնդիրը մայր երկրի հետ է կապված, և այստեղ կոշտ սահմանափակումներ կան ու խիստ վերահսկվում են»,- ասաց տնտեսագետը:










































