Ավարտվեցին Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի 3 հանդիպումներ: Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում ընդունեց Սանտանդերի «Ռասինգ»-ին: Ժոզե Մոուրինյոյի սաներն անհյուրընկալ գտվեցին` մրցակցի դարպասն ուղարկելով 4 անպատասխան գնդակ: «Արքայական ակումբ»-ի կազմում արդեն 6-րդ րոպեին աչքի ընկավ Քրիշտիանու Ռոնալդուն` Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփելով իր 28-րդ գոլը:
Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման 45-րդ և 89 –րդ րոպեներին դառնալով գոլի հեղինակ` իր հաշվին ձևակերպեց դուբլ: Հրաշալի գոլի հեղինակ դարձավ վնասվածքի պատճառով երկար բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձած Անխել Դի Մարիան: Արգենտինացին 63-րդ րոպեին փոխարինեց Մեսութ Օզիլին, իսկ 10 րոպե անց Իսպանիայի առաջնության շրջանակներում «Ռեալ»-ի կազմում խփեց իր 50-րդ գնդակը:








































