«Արդեն մի քանի օր է, ինչ Քանաքեռ-Զեյթուն համայնքում բնակիչներից ստորագրություններ և անձնագրային տվյալներ են հավաքում «Քեթրին» հիմնադրամի տնօրեն Արթուր Սարգսյանին նույն համայնքի թիվ 3 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու համար»,- գրում է «168 ժամ»-ը և հավելում.
«Հիշեցնենք, որ այդ հիմնադրամն իրականում ստեղծել է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Վերջինս նախ ինքն է ցանկացել առաջադրվել, հետո որոշել է չթողնել ներկայիս պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ Մ. Պողոսյանը թեև իշխանությունների հետ բանակցությունների մեջ է այդ ընտրատարածքում իր թեկնածուին առաջադրելու համար, սակայն դեռ համաձայնություն չի ստացել: Մ. Պողոսյանն ամեն ինչ անում է, որ ՀՀԿ-ն սատարի Ա. Սարգսյանին:
Եվ հիմա նրանք, մասնավորապես, համայնքի բնակիչներից փորձում են շատ ստորագրություններ հավաքել, որ ՀՀԿ-ին ցույց տան, թե բնակիչները շատ են ցանկանում, որ Ա. Սարգսյանը դառնա իրենց տարածքի պատգամավորը: Իսկ այդ ստորագրությունների դիմաց բնակիչներին «Քեթրինից» խոստանում են վերանորոգել նրանց շենքերի մուտքերը, ծերերին ու անապահով ընտանիքներին հագուստ և սննդամթերք են բաժանում, և այլն: Հ
Հիշեցնենք նաև, որ թիվ 3 ընտրատարածքից այժմ պատգամավոր է ԲՀԿ անդամ Աշոտ Տոնոյանը, ով արդեն հայտարարել է, որ այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրելու, չնայած մամուլը գրում է հակառակի մասին»:









































