Փետրվարի 13-ին, երեկոյան ժամը 22.00-ի սահմաններում Արարատի ոստիկանության բաժնում հաղորդագրություն է ստացվել, որ Բանավանի բնակիչ, 1981 թվականին ծնված Քրիստինե Հարությունյանը ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել տան բացօթյա պատշգամբից: «Առաջին լրատվական»-ին ոստիկանության լրատվության բաժնից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
Սակայն «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով` իրականում ոչ թե 30-ամյա կինն է այդ օրն ինքնասպանություն գործել, այլ նրանից գրեթե 10 տարով մեծ ամուսինն է սպանել կնոջը:
Մեր տեղեկություններով` փետրվարի 13-ի երեկոյան 30-ամյա կնոջ հարբեցող ամուսինը, ինչպես միշտ, այդ օրն էլ հարբած տուն վերադարձել, սկսել է վիճել կնոջ հետ, անուհետ անցել բռունցքներին: Վեճի ընթացքում վրա է հասել երիտասարդ կնոջ դպրոցական դուստրը և տեսնելով, թե ինչպես է հայրը դանակով փորձում հարձակվել մոր վրա, ինքն է նետվել առաջ ու փորձել պաշտպանել մորը: Սակայն մոլագար հայրը նաև աղջկա ձեռքերը դանակի մի քանի հարվածով արնոտելուց հետո կնոջը տարել է բացօթյա պատշգամբ և 2-րդ հարկից գլխիվայր ներքև շպրտել նրան: Անահիտին ներքևում ընկած գտել են հարևանները և շտապել են այդ մասին հայտնել` աղջկա մորը, ով ապրում է հարևան շենքում: Հենց մոր ձեռքերի մեջ էլ 30-ամյա կինը մահացել է փողոցում:
Այն մասին, որ հարբեցող ամուսինը կնոջն օր ու արև չի տվել, Բանավանում գիտեն բոլորը: Ըստ տեղի խոսակցությունների` ամուսնուն ոստիկանությունը բերման ենթարկել է, սակայն հետաքրքիր է, որ 2 երեխաներին առանց մայր թողած ամուսնու գործած սպանության վերաբերյալ ոստիկանությունում ոչ մի լուր չկա, իսկ հերթական երիտասարդ կնոջ հետ կատարվածը կրկին որակվել է որպես ինքնասպանություն:









































