«Տոտտենհեմ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը և «Սուոնսի»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը ճանաչվել են Անգլիայի Պրեմիեր Լիգայի հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ:
Լոնդոնցիների ուելսցի կիսապաշտպանն անցած ամսվա ընթացքում երեք գնդակ է հեղինակել և երկու արդյունավետ փոխանցում կատարել: Բեյլը գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում, ինչպես նաև դուբլ ձևակերպեց «Ուիգան»-ի հետ հանդիպման ժամանակ: Հունվարին «Տոտտենհեմ»-ը 15 հնարավորից 10 միավոր է վաստակել:
39-ամյա Ռոջերսի ղեկավարությամբ Պրեմիեր Լիգայի նորեկ «Սուոնսի»-ն առավելության է հասել «Ասթոն Վիլլա»-ի և «Արսենալ»-ի նկատմամբ: Թիմը մոտ էր հաջողությանը նաև «Չելսի»-ի հետ խաղում (1:1): «Սուոնսի»-ն պարտություն կրեց միայն «Սանդերլենդ»-ից:
Գարեթի համար այս մրցանակը երկրորդն է իր մարզական կարիերայի ընթացքում. նա լավագույնն էր ճանաչվել նաև 2010 թվականի ապրիլին: Իսկ Ռոջերսը ամսվա լավագույն մարզիչ ճանաչվեց առաջին անգամ:









































