Եվրոպական ֆուտբոլային ակումբների միության նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն խոսել է ֆուտբոլային ակումբների` ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հետ ունեցած հարաբերությունների մասին:
«ՖԻՖԱ-ի նախագահն անընդհատ ինչ-որ բան է խոստանում, բայց որևէ արդյունք առայժմ չկա: Մենք այս փաստը հաճախ ենք քննարկում Բլատերի և Պլատինիի հետ: 2014 թվականին ավարտվում է համաձայնագիրը, որը կնքվել է ակումբների միության և ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի միջև: Մեր գործընկերները ցանկանում են երկարաձգել պայմանագրի ժամկետը, բայց դա կլինի միայն այն դեպքում, երբ նրանցից կստանանք մեր պահանջների կատարման երաշխիքները:
ՖԻՖԱ-ն աղետալի վիճակում է: Բլատերն ու Պլատինին պետք է ապացուցեն աշխարհին, որ պատրաստ են փոփոխություններ կատարել:
Ես չեմ ցանկանում խոսել պայմանագրի ժամկետը չերկարաձգելու հետևանքների մասին: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն պետք է հասկանան, որ առանց մեզ ոչինչ չեն կարող անել, որովհետև ֆուտբոլիստներին աշխատանք են առաջարկում ակումբները: Հուսով եմ, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն կգնահատեն բոլոր հնարավոր ռիսկերը և փոփոխություններ կկատարեն»,- Ռումենիգեին մեջբերում է Спорт-экспресс-ը: