Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններից և վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ նախագահ ընտրվելուց հետո այդ երկիրը շարունակելու է Հարավային Կովկասը դիտարկել որպես իր հետաքրքրությունների տարածաշրջան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հնարավոր ազդեցություն կարող են ունենալ ռուսաստանյան ընտրությունները Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա:
«Ռուսաստանը, հաշվի առնելով Հայաստանի հետ ունեցած հարաբերությունները, ինչպես նաև իր տնտեսական շահերը, փորձելու է մինչ այժմ եղած բազայի վրա համապատասխան քաղաքականություն կառուցել: Բնականաբար, մյուս կողմից գերակայություն է լինելու տարածաշրջանային կայունության պահպանումը»,- ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Մարկարովի խոսքով, պայմանավորված իր իսկ ռազմավարական հետաքրքրություններով՝ Ռուսաստանի շունչը Հարավային Կովկասի երկրներում մշտապես զգացվելու է: Հարցին՝ կարո՞ղ են Ռուսաստանում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն ուղիղ ազդեցություն ունենալ հայաստանյան ներքաղաքական դաշտի վրա, քաղաքագետը, նախ, ճշտում արեց՝ խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի՞ն:
«Եթե խոսքը սրա մասին է, ապա կարծում եմ, որ հայաստանյան քաղաքական ուժերն այսօր փորձում են արտաքին ազդեցություններից հնարավորինս անկախ գործել»,- ասաց նա:
Նշենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 4-ին:









































