Հաագայի միջազգային քրեական դատարանը թույլ չի տվել Աիշա Քադաֆիին մասնակցել իր եղբոր` Սեյֆ Ալ-Իսլամի դատավարությանը:
Լիբիացի գնդապետի 35–ամյա դուստրը, ով մասնագիտությամբ իրավաբան է, դատարան էր դիմել, որպեսզի իրեն թույլ տան մասնակցել եղբոր դատավարությանը:
Սեյֆ Ալ–Իսլամը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, որոնք ի կատար են ածվել լիբիական ապստամբության ժամանակ: Մեղադրանքը ներկայացրել է Հաագայի դատարանը, բայց դատավարությունը կընթանա Լիբիայում:
Աիշան Հաագայի միջազգային դատարանին խնդրել էր ուսումնասիրել մի փաստաթուղթ, որից հետևում է, որ լիբիական իշխանությունները խոչընդոտում են իր եղբոր պաշտպանության հարցի լուծմանը։
Պատճառաբանելով մերժումը` դատարանը հայտնել է, որ խնդրանքը դեմ է դատական կանոններին:









































