Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշն առաջարկում է երկրում մտցնել նոր քաղաքական վարչական համակարգ և Սեյմի (խորհրդարան) պատգամավորների թիվը 20 տոկոսով կրճատել` 100 պատգամավորից հասցնելով 80-ի: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նախագահն այս մասին հայտնել է տեղական LNT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Մեզ պետք է ներմուծել բացարձակ նոր քաղաքական համակարգ: Պատգամավորների թվի հետ կապված հարցը կարող է շատ պարզ լինել. նրանց թիվը կախված կլինի Լատվիայի բնակչության թվից: Այդ պատճառով պետք է համամասնություն լինել. եթե երկրում բնակվում է 2,5 միլիոն մարդ, ապա կարող ենք ունենալ 100 պատգամավոր, իսկ եթե 2 միլիոն, ապա պատգամավոր պետք է լինեն միայն 80-ը: Ինչո՞ւ ոչ»,- ասել է Բերզինշը:
Նրա խոսքերով, այս հարցը պետք է ուսումնասիրեն ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա փորձագետները, որոնք կկարողանան ճիշտ գնահատել պետական կառավարման այս մոդելը:
Նախագահը նաև պարզաբանել է, որ Լատվիայում քաղաքական վարչական համակարգի փոփոխությունն անհրաժեշտ է, քանի որ երկրի բնակչությունը դժգոհ է իշխանության աշխատանքից: «Ես իմ պաշտոնում եմ վեց ամսից ավելի, այս ընթացքում Լատվիայի բնակչությունից ստացել եմ բազմաթիվ նամակներ, որոնք դժգոհում են իշխանությունների բացարձակ անպատասխանատվությունից. բոլորը ինչ-որ բանից են խոսում, սակայն ոչ ոք չի կատարում խոստացածը»,- նշել Բերզինշը:
Լատվիայում 2011 թվականին անցկացված մարդահամարի նախնական տվյալներով, բնակչության թիվը նվազել է 13 տոկոսով և 2011 թվականի մարտի 1-ի դրությամբ կազմել 2,067,887 մարդ:









































