Անցած շաբաթվա ընթացքում ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ բորսայում նվազել է 0.06%-ով՝ հասնելով 387.28 դրամի: Դոլարի առուվաճաքի շաբաթական ծավալները կազմել են 18 միլիոն 325 հազար, ինչը 37.78%-ով ավել է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի փոխարժեքը բարձրացել էր 0.37%-ով և շաբաթ օրը կազմել 387.95 դրամ:
Անցած շաբաթ հայկական արժութային շուկայում մեծ փոփոխականություն էր նկատվում: Առևտրային շաբաթվա սկզբից դոլարը արժևորվել էր դրամի նկատմամբ, հասնելով շաբաթվա առավելագույն արժեքին՝ 388.25 դրամի: Սակայն պահպանել ձեռք բերած դիրքերը նրան չհաջողվեց: Արդեն չորեքշաբթի՝ հունվարի 25-ին, դրամին հաջողվեց ոչ մի այն ետ գրավել կորցրած դիրքերը, այլև հասնել շաբաթական առավելագունին՝ 387.25 դրամ 1 ամերիկյան դոլարի դիմաց:
FOREX club-ի վերլուծաբան Միքայել Վերդյանն «Առաջին լրատվական»-ին հայտնեց, որ իրենց գնահատականներով դա պայմանավորված է կարգավորողի գործողություններով, ինչպես նաև միջազգային շուկայում ԱՄՆ դոլարի էական նվազումով:
Այս ժամանակաշրջանում դեպի Հայաստան տրանսֆերտների հոսքի ավանդական կրճատման հետևանքով ֆինանսական շուկայում զգացվում է արտարժույթի դեֆիցիտ: Դրամի արժեզրկումից խուսափելու նպատակով կարգավորողը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս շուկա և դոլարներ է վաճառում: Ըստ վերլուծաբանի, դրանով է պայմանավորված այն, որ վերջին 2 օրերի ընթացքում շուկայի մասնակիցները ձեռնպահ էին մնում գործարք կնքելուց:
Հավանաբար, նման ռազմավարություն ԿԲ-ն կշարունակի վարել նաև այս շաբաթ և կանխիկ դոլարի միջին փոխարժեքը ՀՀ-ում կգտնվի 385-390 դրամի միջակայքում: Դրան կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկի նվազումը:









































