28.01.2012թ. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Հ. Թամամյանի քրեական գործը դատարան ուղարկելու մասին, որտեղ հայտնելով Հ. Թամամյանի մեղադրանքի բովանդակությունը, հիշեցման կարգով նշել է.
«Հիշեցնենք, որ Խաչիկ Մկրտչյանի սպանության մասով քրեական գործը՝ 2 մեղադրյալի վերաբերյալ դատարան է ուղարկվել 2011թ. մարտին: Ըստ այդմ՝ Վռամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով, իսկ Դավիթ Սանդալջյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 4-րդ մասով: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. նոյեմբերի 11-ի դատավճռով հիմնավորված է համարվել առաջադրված մեղադրանքներն ու դատապարտվել ազատազրկման»։
Հելսինկյան ասոցիացիան հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հերթական անգամ խախտել է անմեղության կանխավարկածը, ինչպես նաև նշված քրեական գործով հանրությանը ներկայացրել է սխալ տեղեկություններ, մասնավորապես` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2011թ. նոյեմբերի 11-ի դատավճռով Դ.Սանդալջյանի արարքը վերաորակվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով, որի համար նա դատապարտվել է ազատազրկման երկու տարի ժամկետով, սակայն կիրառելով համաներում դատարանը դատարանի դահլիճից ազատ է արձակել նրան, իսկ Վռամ Բաղդասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը չի կարող հաստատված համարվել, քանի որ դատավճիռը օրինական ուժ դեռ չի ստացել և նրան առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով ներկայումս վիճարկվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում:









































